«Բանկերում ի պահ դնելու հարցում տարեկան մոտ 19 տոկոս աճ է նկատվում». Արմենակ Դարբինյան
Հայաստանի բնակչության շրջանում վերջին 10 տարվա ընթացքում բանկերի հուսալիության նկատմամբ աճ է նկատվում: Այս մասին Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:
Նա հավելեց, որ վերջին 10 տարում ՀՀ բնակչությունն ավելի ակտիվ է բանկերում խնայողություններ իրականացնում:
«Բանկերում ի պահ դնելու հարցում տարեկան մոտ 19 տոկոս աճ է նկատվում, եթե հաշվի առնենք նաև պարտատոմսերի մեջ խնայողությունները: Այս ամենն էլ իր հերթին վկայում է բնակչության վստահության մասին բանկերի հուսալիության նկատմամբ: Անելիքներ կան, քանի որ մեր վերջին հարցումների ընթացքում բնակչության զգալի մասը դեռևս խնայողությունները պահում է «բարձի տակ»: Այս միջոցառումն էլ նպատակ ունի ավելի ակտիվացնելու բնակչությանը բանկերում խնայողություններ իրականացնելու համար»,- նշեց Դարբինյանը:
Համաժողովի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը լրագրողների հետ զրույցում կատակով նշեց, որ հոկտեմբերի 31-ը ոչ միայն Հելոուինի օրն է, այլև ավելի կարևոր` Խնայողությունների միջազգային օրը:
«Միջոցառումը կազմակերպել է գերմանական խնայողությունների հիմնադրամը: Խնայելը կարելի է հոբբի համարել, գուցե այնքան էլ կոռեկտ չէ այդպես արտահայտվել, բայց Գերմանիայում պատմականորեն այդպիսի ավանդույթ կա: Այսօր… ամբողջ աշխարհում տոկոսադրույքները բավականին ցածր են: Այդ, իսկ պատճառով, կարծում եմ, պետք է կարողանալ գումար խնայել, որպեսզի կարողանաս կանխատեսել, թե ինչպիսի ապագա է քեզ սպասում: Բայց սա գերմանական մոդելն է»,- նշեց Քիսլերը:
Նա ընդգծեց, որ այս միջոցառման ընթացքում ինքը և մի քանի այլ մասնագետներ կփորձեն հասկանալ՝ արդյոք հնարավոր կլինի՞ Գերմանիայից նման մոդել ներմուծել Հայաստան, քննարկել՝ արդյոք բանկերը պատրա՞ստ են նման աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին:
ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի հետ համագործակցությամբ միացել են Խնայողությունների համաշխարհային օրվա` հոկտեմբերի 31-ի ավանդույթին:
Հայաստանի բանկերն արդեն 7 տարի է նշում են խնայողությունների համաշխարհային օրը: