Նույն այդ պատգամավորներից նախկինում որպիսություն հարցնում էին այլ մարդիկ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այսպիսով, նոր Ընտրական օրենսգիրքը դարձյալ չընդունվեց, այս անգամ ընդամենը մեկ ձայնի պատճառով: Նույնիսկ էական էլ չէ արդեն՝ դա եղավ ՀՅԴ-ի երկու բացակա պատգամավորների՞ պատճառով, թե՞ ՀՀԿ-ից «զորացրվածներից» մեկի:

Ո՞ւմ չհասցրեցին զանգել, կամ ո՞ւմ վրա չազդեցին զանգերը: Խնդիրը շատ ավելի խորքային է: Ընտրական օրենսգրքի շուրջ Ազգային ժողովում նախօրեին տեղի ունեցած քննարկումները դեժավյուի էֆեկտ ունեցան: Հանրապետական պատգամավորները՝ դեմ հանդես գալով նոր ԸՕ փոփոխություններին, անընդհատ հղում էին անում ԵԱՀԿ ԺՄԻԳ-ին, Եվրոպայի Խորհրդին, Վենետիկի հանձնաժողովին, ընդհանրապես միջազգային կազմակերպություններին՝ նշելով, որ նման հապճեպությամբ ԸՕ չեն ընդունում և ընտրություններ չեն անում:

Դեժավյուի էֆեկտն այն էր, որ ժամանակին ՀՀԿ-ի ընդդիմախոսներն էին այս կամ այն առիթով հղում անում միջազգային կազմակերպություններին ու վերջիններին «տղա բերում» Հայաստանի վրա: Ազնվության համար, սակայն, պետք է նշել, որ ժամանակին հանրապետականները գոնե պահում էին գործընթացների տեխնիկական-ֆորմալ մասը, չնայած հիմնարար հարցերում առաջնորդվում էին իրենց քաղաքական նպատակահարմարությամբ:

Նոր իշխանությունները, ինչպես արդեն պարզ դարձավ, տեխնիկական մասի վրա ջանքեր չեն ծախսում ու առանձնապես հետաքրքրված չեն միջազգային կազմակերպությունների կարծիքով, ու ինչպես նախկինում, պարզապես հիմա ավելի բացեիբաց առաջնորդվում են բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ:

Թերևս այդ նպատակահարմարության վառ դրսևորումներից մեկն էլ այն էր, որ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նախապես զանգել է որոշ պատգամավորների և «հարցրել նրանց որպիսությունն ու դիրքորոշումը քվեարկության ժամանակ»:

Նույն այդ պատգամավորներից նախկինում որպիսություն հարցնում էին այլ մարդիկ:

Առանձնապես այդ պատգամավորների կյանքում, կարծես թե, բան չի փոխվել: Չի բացառվում, որ նրանց ապագայում էլ շարունակեն զանգել, օրինակ, ճշտելու, թե իրենց ընտրատարածքներում ինչպիսի քաղաքական դիրքորոշում և ակտիվություն են նրանք պատրաստվում դրսևորել: Բնականաբար, նման զանգերն արվում են ոչ երկրի առաջին դեմքի կողմից, բայց միշտ երկրի առաջին դեմքի անունից:

Ավելին՝ առաջին հայացքից են այդ զանգերը միայն միակողմանի ճնշման էֆեկտ թողնում: Իրականում ցանկացած նման զանգ իր գինն ունի, և ամեն հարցված որպիսության դիմաց զանգողները ապագայում ստիպված են լինելու վճարել, վճարել քաղաքական որոշումներով: Ինչևէ:

Չընդունված Ընտրական օրենսգիրքը, դրա շուրջ քննարկումները, պատգամավորների որպիսությունը ճշտող զանգերը, ՀՀԿ–ի նորահայտ սկզբունքայնությունն ու միջազգային կազմակերպություններին հղումները, ՔՊ–ականների պնդումներն առ այն, որ նոր ԸՕ-ով նոր քաղաքական դաշտ է ձևավորվելու, մի կողմ թողեցին ամենակարևոր հարցը՝ Ընտրական օրենսգրքի բովանդակությունը: Բովանդակության հարցը երկրորդվեց, իսկ առաջին պլան եկավ քաղաքական համառությունը, պարզագույն համառությունը:

Այլ կերպ պրոցեսը բնորոշել հնարավոր չէ, որովհետև, ինչպես իրենք՝ նոր իշխանության անդամներն են քանիցս պնդել՝ անկախ Ընտրական օրենսգրքից իրենք (ժողովուրդը) հաղթելու են: Խնդիրը բացառապես համառության և ինքնանպատակ սկզբունքայնության մեջ էր, որը գուցե իր գինն ունի՝ ուժեղ երևալու գինը, բայց որևէ կերպ կապ չուներ ԸՕ բուն բովանդակության հետ: Իհարկե, ճիշտ են այն պնդումները, որ ընտրությունների ազատ և թափանցիկ լինելը բացառապես քաղաքական կամքի, ոչ թե օրենսգրքերի հարց է: Այդ մասին մի քանի անգամ հայտարարել է հենց Փաշինյանը:

Բայց սրանով հանդերձ ԸՕ–ն ունի կենսական առաքելություն, պարզապես այդ առաքելությունը հաճախ շփոթվում է ընտրությունների անցկացման որակի հետ: ԸՕ առաքելությունն այլ է՝ այն պետք է հնարավորինս արդյունավետ կերպով ապահովի Հայաստանի քաղաքական լանդշաֆտի ներկայացումը խորհրդարանում: Քանիցս խոսել ենք այն մասին, որ արդարացիորեն խնդրահարույց ռեյտինգային ընտրակարգը վերացնելով ու փոխարենը տոտալ համամասնական համակարգ ներդնելով, ստեղծելու ենք բացառապես երևանակենտրոն ու կուսակցական քաղաքական համակարգ: Սակայն, ինչպես տեսանք, ոչ այս, ոչ էլ այլ նմանատիպ հարցեր քննարկման առարկա չդարձան, փոխարենը քաղաքական ուժերը մկաններ ցույց տվեցին իրար: Ընդ որում, ինչպես արդեն պարզ դարձավ, իշխանության մկանները մինչև վերջ ուժեղ չգտնվեցին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս