«Մեղավոր են կոնկրետ անձինք, կան մարդիկ, ովքեր սաբոտաժ են անում». Ալեն Սիմոնյանը՝ ԸՕ նախագծի տապալման մասին

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելն անիմաստ է, ժամանակային առումով կարող են խնդիրներ առաջանալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու նախաձեռնությունն արվում էր Հայաստանի քաղաքական դաշտն առողջացնելու համար: Այն նորից ԱԺ օրակարգ բերելն, անկեղծ ասած, անիմաստ եմ համարում: Նաև ժամանակային առումով կարող է խնդիր առաջանալ: Սակայն դեռ չենք քննարկել, չեմ կարող ասել»,- ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ եթե չի սխալվում, ՀՅԴ-ից երկու պատգամավոր բացակայել է քվեարկությանը: Հարցին՝ ՀՅԴ պատգամավորների բացակայության մեջ դիտավորություն տեսնում է արդյոք, Սիմոնյանը պատասխանեց՝ կարծում է, որ ՀՅԴ-ի պարագայում քաղաքական նման որոշում չի եղել, այլ պարզապես ստացվել է:

«Ես լուրջ կասկածներ ունեմ, որ բացակայած պատգամավորները և իրենց ներկայացրած քաղաքական ուժը լինելու են գալիք ԱԺ-ում: Նրանք չեն լինելու, քանի որ ՀՀ քաղաքացիները դիտում են և կտան իրենց գնահատականը: Ես չեմ ուզում ասել, թե կոնկրետ որ խմբակցությունն է մեղավոր, մեղավոր են կոնկրետ անձինք, կան մարդիկ, ովքեր սաբոտաժ են անում»,- նշեց Սիմոնյանը:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ միգուցե իրենք լավ չեն կարողացել մոբիլիզացնել մյուս ուժերին, պատգամավորը նկատեց՝ պարտադի՞ր պետք է մոբիլիզացնեն բոլորին, որ լավ բան անեն Հայաստանի համար: Նախագծի չընդունելը, ըստ նրա, ԱԺ-ում կոնկրետ մարդկանց գործելաոճի և սխալի հետևանք է:

Հարցին՝ իրենք պնդում էին, որ մեծամասնություն են ԱԺ-ում, սակայն լինելով մեծամասնություն, ինչո՞ւ չհաջողվեց նախագիծն ընդունել, պատգամավորը պատասխանեց՝ քանի որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է: Դրա համար իրենք ասում են, որ խորհրդարանը պետք է օր առաջ ցրվի և որ ընտրություններ տեղի ունենան:

ԱԺ-ում երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ: Բարեփոխումների փաթեթին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ պատգամավոր չկար: Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:

Տեսանյութեր

Լրահոս