«Վաշինգտոնը լրջորեն հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ». Բոլթոն

«Ես չեմ եկել փոխելու Ամերիկայի քաղաքականությունը, այլ եկել եմ առավել լավ ուսումնասիրելու այն»,- Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն Ադրբեջանում հայտարարել է, որ Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն Հարավային Կովկասում չի նախատեսվում:

Նրա խոսքով, Բաքվում քննարկվող կարեւոր հարցերի թվում էր ահաբեկիչներին աջակցող Իրանի ազդեցության թուլացումը տարածաշրջանում, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը.

«Միացյալ Նահանգները հավատացած է, որ խնդրի հաջող կարգավորումը կարեւոր է ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համար, այլեւ ռազմավարական հետեւանքներ ունի միջազգային առումով»:

Բոլթոնի խոսքով, ղարաբաղյան կարգավորման խնդիրը քննարկվելու է նաեւ հինգշաբթի Երեւանում, նա հավելել է, որ Իլհամ Ալիեւն իրեն հավատացրել է, որ խնդրի կարգավորման կողմնակից է: Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա այն լրջորեն հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ.

«Միացյալ Նահանգները շատ լուրջ է վերաբերում որպես Մինսկի խմբի համանախագահերկիր իր դերին: Մենք համոզված ենք, որ ե՛ւ երկու կողմերի, ե՛ւ Միացյալ Նահանգների շահերից է բխում խնդրի խաղաղ կարգավորումը»:

Բաքվում Ջոն Բոլթոնին հարց ուղղվեց, թե արդյոք Ալիեւի հետ քննարկելու է Ադրբեջանում մարդու իրավունքների ճնշման խնդիրը, որը հակասում է ԱՄՆ-ի ժողովրդավարական արժեքներին:

«Մենք մեր արժեքները գաղտնի չենք պահում եւ կարծում եմ նախագահ Ալիեւը տեղյակ է դրանց մասին, ինչպես նաեւ՝ Վլադիմիր Պուտինը», – նշել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Բոլթոնը երեկ Բաքվից ժամանել է Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս