Ինչո՞ւ Միլսի դիտարկումները մտահոգեցին նաև Մոսկվային

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունները՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, մտահոգել են ոչ միայն հայաստանյան հանրությանը, այլև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին:

Դեսպան Միլսը մասնավորապես ասել էր, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի այն մասին, թե ինչն է ընդունելի իր համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից:

«Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին»,- ասել էր նա: Շարունակելով` Միլսը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Անդրադառնալով Հայաստանից հեռացող դիվանագետ Ռիչարդ Միլսի դիտարկումներին, թե Միացյալ Նահանգները վերջին տասնամյակի ընթացքում աջակցել է Հայաստանի քաղհասարակությանը, Կառավարությանը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է. «Ա՛յ քեզ բա՜ն։ Եկեք կողմնորոշվենք, այլ պետությունների գործերին խառնվելը լա՞վ է, թե՞ վատ»։ Զախարովան ընդգծել է, որ դեսպանը հայտարարել է, թե ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրված 26 մլն դոլարի մեծ մասը հաջորդ տարի կծախսվի հենց քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ամրապնդման վրա։ ՌԴ ԱԳ ներկայացուցիչը վրդովմունք է հայտնել այն մասին, թե ինչ են իրենց թույլ տալիս ամերիկյան դեսպաններն ամբողջ աշխարհում։ Ըստ նրա՝ բացի այն, որ նրանք հարված են հասցնում ժողովրդավարությանը, քաղաքացիական հասարակությանը, ԶԼՄ-ներին, որոնց իբր պաշտպանում են, նրանք իրենք իրենց էլ են հարված հասցնում՝ մերկացնելով ԱՄՆ քաղաքական կյանքում տեղի ունեցող երկերեսանիությունը։ «Այս ամենը վառ կերպով բնութագրում է Վաշինգտոնի ներկայիս քաղաքականությունը, որին հատուկ է արտասահմանյան պետությունների գործերին միջամտելը»,- ամփոփել է Զախարովան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին՝ խոսելով Միլսի` «գրավյալ տարածքները վերադարձնելու» անհրաժեշտության մասին դիտարկումներից, ասել էր, որ դրանք հեռացող դեսպանի հեռացող մեսիջներ են:

«168 Ժամի» հետ զրույցում ամերիկացի քաղաքագետ Փոլ Սթրոնսկին ասաց, որ ամերիկառուսական հարաբերությունների ներկայիս խնդիրների պարագայում հաճախ են հայտնվում նմանօրինակ մեկնաբանություններ երկու երկրներում ակտիվ արտաքին ուղերձներ հղող կառույցների կողմից: Ըստ նրա՝ կարծես սովորական երևույթ է դարձել Միացյալ Նահանգներին մեղադրել այս կամ այն երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: Նրա խոսքով, շատ երկրների դեպքում ենք մենք լսել նման գնահատականներ Ռուսաստանից, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Վերլուծաբանը նշեց, որ դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանը վերջերս տարբեր առիթներով ներկայացրեց այն աշխատանքը, որն արվել է հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին տարիներին, ինչ ծրագրեր են իրականացվել, ինչ ներդրումներ են տեղի ունեցել, ինչ տեսլական կա հարաբերությունների ապագայի վերաբերյալ, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, Իրանի, Թուրքիայի հետ հարաբերություններ: Միջամտության մասին վերլուծաբանը նույնիսկ ավելորդ է համարում խոսել, քանի որ հայ-ամերիկյան հարաբերությունները, համատեղ ծրագրերը նույնիսկ այնքան ծավալուն չեն, որպեսզի առիթ լինի մեղադրել միջամտության մեջ, ավելին, երկու կողմերը չունեն նման ծավալուն համագործակցության հավակնություններ:

«Սովորաբար նման մեղադրանքներ հնչում են այն երկրների դեպքում, որոնք Միացյալ Նահանգների հետ քիչ թե շատ խորը համագործակցություն ունեն: Սա կարծես պրոտոկոլային անդրադարձ դարձած լինի: Ես այդպես կմեկնաբանեի: Հայաստանի դեպքում դրան են գումարվում այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում: Օրերս Երևանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ձևավորում է հայկական կողմը, այսինքն` Միացյալ Նահանգները հայտնում է, որ պատրաստ է մի շարք ոլորտներում համագործակցել, կիսվել փորձառությամբ, աջակցել, Հայաստանն ընտրում է՝ ընթանա՞լ այդ ճանապարհով, թե՞ ոչ: Բոլոր հարաբերությունները ձևավորվում են նման կերպ, սրանում միջամտություն փնտրելն անիմաստ է»,- ասաց Սթրոնսկին:

Նա նաև ասաց, որ սովորաբար դեսպանները հեռանալուց առաջ ամփոփում են այդ երկրում իրենց ներկայացրած երկրի արած աշխատանքը, ներդրումները, տեսլականը, թե խնդիրներին ինչպիսի լուծում են տեսնում, բայց դա որևէ կերպ միջամտություն չէ, քանի որ որոշում կայացնողն ի վերջո Հայաստանն է, Միացյալ Նահանգները առաջարկում է փորձ և ծրագրեր, որոնց տիրապետում է:

Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների հիմնական ուղղվածությունը պահպանելու համար տվյալ հարցազրույցի մասին հարցին պետք է հնչեր նման պատասխան: «Այսինքն` կա ամերիկյան ներկայիս արտաքին քաղաքականության վերաբերյալ պաշտոնական կարծիք ՌԴ-ում, որն արտացոլվում է բոլոր ոլորտների, բոլոր հարաբերությունների համար: Միանշանակ է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններում արտաքին շահագրգռված կենտրոն չկա, մենք այդ մասին հեղափոխությունից հետո հաճախ ենք խոսել: Այն, ինչ Հայաստանում տեղի է ունենում, ներքին խնդիրների ու մարտահրավերների հետևանք է: Հասարակության մեծ մասը փոփոխություն էր ցանկանում, և հայտնվեց մի գործիչ, ով կարողացավ իրականացնել այդ փոփոխությունը»,- ասաց վերլուծաբանը:

Անդրադառնալով Միլսի Ղարաբաղյան աղմուկ բարձրացրած հայտարարություններին` ամերիկացի Փոլ Սթրոնսկին ասաց, որ Միլսը բարձրաձայնել է այն, ինչ նախկինում եղել է բանակցային գործընթացում:

«Իր անդրադարձում նա շատ պարզ խոսում է այն մասին, թե ինչն է իրեն մտահոգում, որպես Հայաստանում աշխատած, Հայաստանի խնդիրներին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առկա տարաձայնություններին ծանոթ դիվանագետ, որ չկա հասարակությունում խոսակցություն զիջումների մասին, ենթադրվել է միշտ, որ լինելու են փոխզիջումներ: Ամերիկացի համանախագահները շատ ավելի ակտիվ են խոսել այն զիջումների մասին, որոնք կողմերը պետք է իրականացնեն նախկինում քննարկված սկզբունքների հիման վրա: Սա Միացյալ Նահանգների մտահղացումը կամ գաղափարը չէ, սա այն է, ինչ արդեն եղել է: Իսկ որոշում կայացնում են կողմերը, եթե այսքան տարիներ չեն կայացրել, ուրեմն նրանք այդ փաստաթղթերին, սկզբունքներին համաձայն չեն: Բայց համանախագահ երկրները կոչված են աջակցելու, դիսկուրս ակտիվացնելու, առանց փոխզիջումների որևէ հակամարտություն չի կարող կարգավորվել, դա միանշանակ է»,- ասաց Փոլ Սթրոնսկին:

Լուկիանովն իր հերթին՝ ասաց, որ Ղարաբաղյան հարցով զիջումների մասին հորդորների համար ամենալավ պահը չէ, քանի որ կողմերը պատրաստ չեն երկխոսության այդ զիջումների, կարգավորման ծրագրերի շուրջ, այլապես այդ բանակցությունները կընթանային:

«Այս պահին առաջնահերթ խնդիրը շփման գծում խաղաղությունն է, Հայաստանի ներքաղաքական զարգացումները: Վերջին համաձայնությունը երկրների ղեկավարների միջև բացատրում են այն սպասումներով, որոնք կարող են լինել կողմերի մոտ միմյանցից, սակայն կարծում եմ, որ գործընթացը կրկին փակուղի կմտնի, քանի որ իրական զիջումների որևէ կողմ պատրաստ չէ: Հենց այս պատճառով էլ նման դիտարկումներն ընկալվում են բավականին բուռն: Ռուսաստանի դիրքորոշումը միշտ նույնն է եղել` հակամարտության վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի հակամարտող կողմերից որևէ մեկը չլինի հաղթողի կամ պարտվողի կարգավիճակում: Դրա համար հարկավոր է, որ երկու կողմերն էլ շահեն ինչ որ բան կամ կորցնեն, այսինքն` լուծումը պետք է լինի հավասարակշռված, և այս հարցում միջնորդների դիրքորոշումը մեկն է` տարաձայնություններ չկան»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս