Բաժիններ՝

Յուրի Խաչատուրովն՝ ընդդեմ Ստեփան Գրիգորյանի դատական առաջին նիստը կկայանա նոյեմբերին

Այս տարվա օգոստոսին ՀԱՊԿ գլխավոր քարոտւղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի։

Ըստ հայցադիմումի, Ստ. Գրիգորյանն ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածել, որով փորձել է արատավորել Յու. Խաչատուրովի պատիվն ու արժանապատվությունը։
Գ. Բեքմեզյանը դատարան էր ներկայացրել Ստեփան Գրիգորյանի՝ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի տեսագրությունը, որտեղ, ըստ Բեքմեզյանի, քաղաքագետը զրպարտիչ արտահայտություններ է թույլ տվել Խաչատուրովի հասցեին։

Նշենք, որ հարցազրույցի ընթացքում քաղաքագետն անդրադարձել էր 2016 թվականի ապրիլյան պատերազմին, ասելով, որ այդ օրերին գեներալներն իրենց տեղում չեն եղել, ինչպես նաև որոշ գեներալներ, այդ թվում՝ Յուրի Խաչատուրովը, հայկական տարածքներ են վաճառել Ադրբեջանին։

Դատարան ներկայացրած հայցի համաձայն, Յուրի Խաչատուրովի փաստաբանը Ստ. Գրիգորյանից պահանջում է վճարել 2 մլն ՀՀ դրամ՝ որպես պատիվն ու արժանապատվությունն արատավորող սուտ տեղեկություններ տարածելու միջոցով բարի համբավին հասցված բարոյական ոչ նյութական վնասի փոխհատուցում: Բացի այդ, պահանջում են, որ քաղաքագետը կրկին հարցազրույց տա և հերքի նախկին հարցազրույցում արած հայտարարությունները և հարցազրույցի տեսագրությունը տեղադրի իր ֆեյսբուքյան էջում։

168.am-ի հետ զրույցում Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ քաղաքագետից պահանջվող գումարը Յուրի Խաչատորովը ոչ թե դնելու է իր գրպանը, այլ տրամադրելու է զինվորների հիմնադրամին՝ բանակի և զինվորների կարիքները հոգալու համար։
Ինչ վերաբերում է դատական գործընթացին, Գ. Բեքմեզյանը տեղեկացրեց, որ այս գործով առաջին դատական նիստը կկայանա նոյեմբերին։

Այլ մանրամասներ փաստաբանը չներկայացրեց։

Ստեփան Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գործի հետ կապված որևէ նորություն չի կարող ասել, քանի որ քաղաքում չի եղել և վերադարձել է բոլորովին վերջերս։
«Ես նախ պետք է խոսեմ պաշտպանիս հետ, եթե որևէ բան լինի ասելու, ապա այդ մասին անպայման կխոսեմ»,- եզրափակեց քաղաքագետը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս