Լեհաստանը տարեկան 2 մլն տոննա հեղուկացված գազ կգնի ԱՄՆ-ից
Polskie Gornictwo Naftowe i Gazownictwo (PGNiG) էներգետիկական ընկերությունը Միացյալ Նահանգների Venture Global LNG ընկերության հետ ստորագրել է Լեհաստանին տարեկան 2 միլիոն տոննա հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման պարտավորագիր: Հոկտեմբերի 17-ին այս մասին լրագրողներին հայտնել են Լեհաստանի ընկերությունում:
«20 տարվա ընթացքում PGNiG-ն հեղուկացված բնական գազ կստանա ԱՄՆ-ից երկրի ներսում սպառողների կամ վաճառքի համար»,- տեղեկացրել է լեհական ընկերությունը տարածված հայտարարության մեջ:
Լեհաստանին ռուսական բնական գազի մատակարարումների երկարաժամկետ պարտավորագիրը 2022 թվականին «պարզապես կավարտվի», մամուլի ասուլիսում հայտարարել է PGNiG-ի ղեկավար Պյոտր Վոզնյակը: Վոզնյակի պնդմամբ՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության պայմանները «շատ ավելի լավն են»: Նրա կարծիքով՝ Լեհաստանին կհաջողվի գազը գնել 20 տոկոսով ավելի էժան, քան «Գազպրոմից»:
Լեհաստանը տարեկան սպառում է 15 միլիարդ խորանարդ մետր գազ: Այդ ծավալի մեկ երրորդը նա ինքնուրույն արդյունահանում է իր տարածքում, իսկ մնացածն ստանում է ներմուծման հաշվին: Լեհաստանի գազի գլխավոր մատակարարը Ռուսաստանի «Գազպրոմն» է, որի հետ երկարաժամկետ պարտավորագրի հիման վրա երկիրը տարկան կարող է ձեռք բերել 10,2 միլիարդ խորանարդ մետր գազ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: