Բաժիններ՝

«Մանվել Գրիգորյանը պատանդի կարգավիճակում է». պաշտպան

«Մանվել Գրիգորյանը տառապում է տասնյակից ավելի հիվանդություններով, և այս մասին բազմիցս ենք բարձրաձայնել: Հղում կատարեցինք նաև հեղինակավոր բժիշկների կարծիքներին, համաձայն որոնց՝ Մանվել Գրիգորյանի կյանքին ոչ միայն վտանգ է սպառնում, այլև հակացուցված է մեկուսացված պայմաններում նրան պահելը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ հավելելով,- Պետական լիազոր մարմինը՝ ի դեմս նախաքննության մարմնի, գտավ, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Պաշտոնապես հայտարարում եմ՝ հարգելի մեծարգո վարչապետ, Ձեզ ճիշտ չեն զեկուցում, Դուք իրավիճակին չեք տիրապետում: Խնդրում եմ՝ հանձնարարեք որևէ մեկին, որպեսզի ստուգի, թե Մանվել Գրիգորյանը նախքան կալանքն ինչպիսի՞ հիվանդություններով էր տառապում, և կալանքից 3-4 ամիս հետո ինչ է կատարվել: Հայտնեմ, որ հիվանդություններն ավելացել են, նա տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնցով կյանքին վտանգ է սպառնում: Եթե պարզեք, որ ճիշտ չեմ ասում, ուրեմն ստախոս եմ, իսկ եթե ոչ, ապա կնշանակի, որ արդարադատությունը մեր երկրում կաղում է, նրա նկատմամբ կիրառվում է դասական խոշտանգում, գտնվում է պատանդի կարգավիճակում»:

Պաշտպանը պնդում  է՝ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան:

«Դատարանին նաև գրավի միջնորդություն ենք ներկայացրել, ինչն առանց հիմնավորումների մերժվել է: Այսինքն, արդարադատությունն այսօր ընտրովի է»,- նշեց Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։

Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ մեղադրվող Գրիգորյանը կալանքի տակ է հուլիսի 19-ից:

Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից մի քանիսում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս