Հայաստանում բիզնեսի հիմնումը արագ է և քիչ ծախսատար, սակայն խնդրահարույց է բիզնեսը փակելը. զեկույց

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Համաշխարհային տնտեսական ֆորումի «2018թ. մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) հրապարակած տվյալները։

Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանն իր մրցունակությամբ 70-րդն է՝ 140 երկրների շարքում՝ երկու միավորով բարելավելով իր տեղը։ Իսկ աշխարհի ամենամրցունակ 15 երկրներն են՝ ԱՄՆ, Սինգապուր, Գերմանիա, Շվեյցարիա, Ճապոնիա, Նիդեռլանդներ, Հոնկոնգ, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա, Կանադա, Թայվան, Ավստրալիա, Հարավային Կորեա։

«Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից Հայաստանը  համեմատվում է Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան, Ղրղըզստանը, Տաջիկստանը։ Այս խմբում Հայաստանն իր դիրքով 5-րդն է՝ զիջում է Ռուսաստանին, Ղազախստանին, Վրաստանին և Ադրբեջանին»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համեմատական դիրքը Եվրասիական տարածաշրջանում բավականին լավ է, միակ ցուցանիշը, որով Հայաստանը զիջում է, շուկայի փոքր չափն է։

«Ամենամեծ դրական տարբերությունն առողջապահության ցուցանիշով է։ Հայաստանի համեմատական դիրքն առաջատար երկիրի նկատմամբ ցույց է տալիս, որ շուկայի չափն ու նորարարության կարողություններն ամենամեծ ճեղքվածքն ունեն։ Ինտիտուտներ հենասյունով 140 երկրների մեջ Հայաստանը 67-րդ տեղում է, պետական կարգավորումը համեմատաբար թեթև է, սակայն առկա է սոցիալական կապիտալի զգալի դեֆիցիտ, որով 122-րդ տեղում ենք։ Դիրքերը համեմատաբար վատ են նաև էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործման ցուցիչով, որով 97-րդն ենք»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ ենթակառուցվածքների ցուցանիշով Հայաստանը 74-րդն է, հիմնական խնդիրը ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքն է և օդային տրանսպորտի կապակցվածությունն աշխարհի հետ, որով 93-րդ տեղում ենք. «Հայաստանը զբաղեցնում է առաջատար դիրք օպտիկամանրաթելային կապով ինտերնետ բաժանորդների թվով՝ 37-րդն է 140 երկրների շարքում, 100 բնակչի հաշվով 4.7 բաժանորդագրություն ունենք»։

Մակրոտնտեսականա կայունության հենասյան մեջ Հայաստանի հիմնական խնդիրը, ըստ Հովհաննիսյանի՝ արտաքին պարտքի դինամիկան է. Հայաստանը 101-րդ տեղում է, ինչը, նրա խոսքով՝ պոտենցիալ ռիսկ է մակրոտնտեսական տեսանկյունից։ Կրթություն և հմտություններ հենասյունով Հայաստանը 55-րդն է՝ 140 երկրների մեջ. «Այստեղ բավականին հետաքրքիր է, որ մեկ ուսուցչին բաժին ընկնող աշակերտների հարաբերակցության և կրթություն ստանալու միջին տարիների քանակի առումով՝ մենք բավականին լավ դիրքեր ենք զբաղեցնում, սակայն, մեզ մոտ խնդիր է առաջանում որակյալ կադրերի տեսանկյունից։ Նախ՝ անձնակազմի վերապատրաստման վրա ընկերությունների ծախսերը բավականին քիչ են, դրանով Հայաստանն 97-րդ տեղում է, շրջանավարտների հմտությունների ցուցանիշով 89-րդ տեղում ենք, և ընկերությունները խնդիրներ ունեն համապատասխան հմտություններով աշխատակիցներ գտնելու առումով»։

Ապրանքների շուկայի տեսանկյունից, ըստ Հովհաննիսյանի՝ Հայաստանի ամենաուժեղ կողմն այն է, որ շուկայում գերիշխող դիրք ունեցողների կշիռը բավականին քիչ է, այս ցուցանիշով Հայաստանը 19-րդն է. «Սակայն մենք խնդիր ունենք մաքսային սակագների բարդության հետ, ինչը հիմնականում պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ. այս ցուցանիշով ԵՏՄ բոլոր երկրներն ունեն բավականին ցածր գնահատական։ Ցածր գնահատական ունենք նաև մաքսազերծման ընթացակարգերի արդյունավետության ցուցանիշով՝ 81-րդ տեղում ենք»։

Նա նշեց, որ արժեթղթերի շուկան շարունակում է մնալ ֆինանսական համակարգի թույլ կողմերից մեկը. «Ֆինանսական համակարգում 87-րդ տեղում ենք 140 երկրների մեջ, թույլ կողմերն են շուկայի կապիտալիզացիայի ցածր մակարդակը, որով 110-րդն ենք, և չաշխատող վարկերի կշիռ ցուցանիշով 83-րդն ենք, որը վարկային պորտֆելի 6.7%-ն է կազմում։ Հայաստանում բիզնեսի հիմնումը արագ է և քիչ ծախսատար, սակայն խնդրահարույց է բիզնեսը փակելը. Սնանկացման կարգավորող դաշտը լուրջ խնդիրներ ունի Հայաստանում։ Զեկույցի ցուցանիշներով խնդրահարույց է դիտվում լիազորությունների փոխանցման պատրաստակամությունը ենթականերին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս