Քրիստին Լագարդը հետաձգել է այցը Մերձավոր Արեւելք և չի մասնակցի Էր Ռիադի ներդրումային համաժողովին
Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը հետաձգում է պլանավորված ուղեւորությունը Մերձավոր Արեւելքի երկրներ եւ բաց է թողնում ներդրումային խորհրդաժողովը Սաուդյան Արաբիայում: Այդ մասին ասված է ԱՄՀ-ի մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել է հոկտեմբերի 16-ին:
«Կարգադրիչ տնօրենի ավելի վաղ պլանավորված ուղեւորությունը Մերձավոր Արեւելք հետաձգվում է»,- հայտնել է ԱՄՀ-ի մամուլի ծառայությունը: Այցի հետաձգման պատճառը չի մատնանշվում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գործարարներն ու զանգվածային լրատվամիջոցները հրաժարվում են մասնակցել Սաուդյան Արաբիայում կազմակերպվող խոշոր տնտեսական համաժողովին, որը հայտնի է որպես «Դավոս անապատում»:
Ինչպես հոկտեմբերի 14-ին հայտարարել է J.P.Morgan-ի մամուլի ծառայությունը, բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը չի ժամանի էր Ռիադ միջոցառմանը: Դրանից մի քանի ժամ առաջ Ford Motor-ի տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Ֆորդը նույնպես հայտարարել է, որ չի մասնակցի համաժողովին: Բացի դրանից, համաժողովից իրենց ներկայացուցիչներին հետ են կանչել CNBC-ն, Financial Times-ը, CNN-ը եւ The New York Times-ը:
Փորձագետների կարծիքով՝ համաժողովին մասնակցելուց հրաժարումը կապված Է Էր Ռիադի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության սրման հետ՝ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացումից հետո, որն աշխատում էր The Washington Post հրատարակության համար: Վերջին անգամ նրան տեսել են, երբ նա մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան: Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ պնդում են, որ այնտեղ լրագրողին, որը քննադատում էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին, խոշտանգել են եւ սպանել:
Թուրքիայում հետաքննում են այդ գործը: Future Investment Initiative համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 23-25-ին էր Ռիադում: Ինչպես նշվում է միջոցառման կայքում, այնցյալ տարի դրան մասնակցել է 3,8 հազար մարդ ավելի քան 90 երկրից: Սեպտեմբերի վերջի տվյալներով՝ այս տարի միջոցառմանն իրենց մասնակցությունը հավաստել են ավելի քան 100 գործարար-առաջնորդներ, ներառյալ BlackRock Inc.-ի, HSBC Holdings Plc-ի, Uber Technologies Inc.-ի, Bank of China International-ի, BNP Paribas-ի, Mitsubishi UFJ-ի եւ Trafigura Group-ի ղեկավարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: