Ռոբերտ Քոչարյանը քննադատել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պլանը
ՀՀ երկրորդ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պլանը: Նա համարում է, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը հրաժարական ներկայացրեց՝ այսպիսով առիթ ստեղծելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը կլուծարվի, եթե 2 անգամ կառավարության նոր ղեկավար չընտրվի։
«Տակտիկական պլանում սա վարքագծի հասկանալի դիրքորոշում է՝ հաջողության հասնել հիմա՝ հանրաճանաչության ու բարձր վարկանիշի գագաթնակետին։ Այսինքն՝ որպես քաղաքական գործիչ՝ դու հաղթում ես, իսկ որպես պետական գործիչ՝ դեռ պետք էր մտածել՝ արժե՞ր արդյոք դա հիմա անել»,- «Ռիա Նովոստիին» ասել է Քոչարյանը։
Նա կասկած է հայտնել, թե էյֆորիայի պայմաններում կհաջողվի ընտրել իսկապես արժանի խորհրդարան։ «Ձևավորելով նոր քաղաքական մենաշնորհ՝ պետության շահերից չեմ կարծում, որ ճիշտ է»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ կատարյալ իշխանությունը նաև կատարյալ պատասխանատվություն է։ «Այդ պատճառով էլ իմ տեսակետը հետևյալն է. ավարտվում է ինչ-որ փուլ, բոլորի համար դա որոշակի ռեսթարթ է, այսինքն՝ կձևավորվի նոր իշխանություն, որը կարտացոլի հասարակության մեջ առկա ընթացիկ տրամադրությունը։ Այդ իշխանությունն այդ իսկ պահից պետք է լիակատար պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում»,- շեշտել է Քոչարյանը։
Նախկին նախագահի կարծիքով՝ դա կլինի միաբևեռ խորհրդարան, նոր քաղաքական մենաշնորհ։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենում խորհրդարանը ցրելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո։
Ներկայիս գումարման Ազգային ժողովում 51 մանդատ նախկին իշխող Հանրապետական կուսակցությունն ունի, 31՝ «Ծառուկյան» դաշինքը, 9 մանդատ՝ «Ելք» դաշինքինն է ,և 7-ը՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը։