«Ծառուկյան» խմբակցությունը և փոխվարչապետը Ընտրական օրենսգրքի փաթեթի վերաբերյալ գտել են փոխզիջումային լուծումներ
Հայաստանի Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկման արդյունքում որոշակի հարցերի վերաբերյալ գտել են փոխզիջումային լուծումներ:
Խմբակցության անդամների հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցրեց` «Ծառուկյան» խմբակցությունը մեծ հաշվով կիսում է իրենց մոտեցումները:
««Ծառուկյան» խմբակցության հետ քննարկմանն ունեինք մեկ սկզբունքային կետ: Դա վերաբերում էր խորհրդարան չորս խմբակցությունների անցնելուն: Մենք քննարկեցինք և ունենք որոշակի փոխզիջումային լուծում: Չորրորդ ուժը ներկայացված կլինի ԱԺ-ում, եթե նա հավաքի առնվազն 2 տոկոս ձայն»,- նշեց Միրզոյանն ու հավելեց` սակայն այս հարցը դեռ պետք է քննարկեն մյուս խմբակցությունների հետ:
Արարատ Միրզոյանը «Ծառուկյան» խմբակցության հետ քննարկել է մի քանի կետ: Ինչպես փոխվարչապետը նշեց` մեկ կետի հետ կապված ոչինչ չէին կարող անել, որովհետև սահամանդրության պահանջն այլ էր:
Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Գործադիրն առաջարկում է ԱԺ-ին հոկտեմբերի 22-ին հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու վերը նշված փաթեթը: Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հրավիրված արտահերթ նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հանձնարարել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակել խորհրդարանական խմբակցությունների հետ: