Բաժիններ՝

Քրիստոնեասոցիալական միությունը հաղթում է Բավարիայի խորհրդարանի ընտրություններում

ԳԴՀ-ի կառավարող կոալիցիայի գծով կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) կրտսեր գործընկերը՝ Քրիստոնեասոցիալական միությունը (ՔՍՄ) հաղթում է Բավարիայի լանդտագի (երկրամասային խորհրդարանի) ընտրություններում՝ հավաքելով ձայների 37,2 տոկոսը: Այս նախնական պաշտոնական արդյունքները հոկտեմբերի 15-ին ներկայացրել է տեղական ընտրական հանձնաժողովը:

2013 թվականի համեմատությամբ, երբ երկրամասում տեղի ունեցան նախորդ ընտրությունները, բավարացի պահպանողականները կորցրել են ձայների 10,5 տոկոսը: Երկրորդ տեղն զբաղեցրել են «կանաչները»՝ 17,5 տոկոս ձայներով: Նրանք իրենց դիրքերը բարելավել են 8,9 տոկոսով: Լանդտագի երրորդ ուժը դարձել է «Ազատ ընտրողներ» ոչ մեծ կուսակցությունը՝ 11,6 տոկոս արդյունքով:

Կոալիցիայի գծով Մերկելի եւս մեկ գործընկերը՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ստացել է ընտրողների ձայների ընդամենը 9,7 տոկոսը, ինչը 10,9 տոկոսով պակաս է 2013 թվականի համեմատությամբ: Աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը հավաքել է ձայների 10,2 տոկոսը եւ անցել ԳԴՀ-ի եւս մեկ տարածաշրջանային խորհրդարան: Այսօրվա դրությամբ այն ներկայացված չԷ միայն Հեսսենի լանդտագում:

Այնտեղ երկրամասային ընտրությունները կկայանան երկու շաբաթից: Ազատ դեմոկրատական կուսակցությունն ստացել է ձայների 5,1 տոկոսը եւ դժվարությամբ, բայց հաղթահարել է երկրամասի խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 5 տոկոսի արգելքը: Ընտրողների մասնակցության մակարդակը կազմել է 72,4 տոկոս: 2013 թվականին ընտրություններին մասնակցել էր ընտրողների 63,6 տոկոսը:

Բավարիայի լանդտագում, որը բաղկացած կլինի 205 անդամնեցից, տեղերը կբաշխվեն հետեւյալ կերպ. ՔՍՄ-ն կստանա 85 մանդատ, «կանաչները»՝ 38, «Ազատ ընտրողները»՝ 27, «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը՝ 22, սոցիալ դեմոկրատները՝ 22, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 11 մանդատ:

Չորս շաբաթվա ընթացքում պետք է կազմավորվի կոալիցիա, քանի որ ՔՍՄ-ն ընտրությունների արդյունքներով կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը: Ինչպես սպասվում է, այն դաշինք կկազմի «Ազատ ընտրողների» հետ, երկու կուսակցություններն ավելի վաղ արդեն հայտարարել են երկրամասային կառավարությանը մասնակցելու պատրաստակամության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս