Բաժիններ՝

Մայրապետյանը հումորով է վերաբերում իրեն առաջադրված մեղադրանքին. Պաշտպան. 1in.am

«Սամվել Մայրապետյանը հումորով է վերաբերում իր մեղադրանքին, քանի որ մեղադրանքը այնքան աբսուրդ է, որ այլ կերպ վարվել հնարավոր չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։

Պաշտպանն ասել է, որ չի կարող առայժմ գործի հանգամանքները ներկայացնել, մանրամասներ ասել, թե ում է իբր Մայրապետյանը փող տվել, քանի որ չունի կողմերի համաձայնությունը, բայց այդ համաձայնությունը ստանալուն պես կխոսի գործի մանրամասներից։ Միայն հստակ է, որ խոսքը պաշտոնյայի մասին է, որին իբր կաշառք է տվել Մայրապետյանը, և որ խոսք է գնում 10 տարվա վաղեմության գործի մասին։ Սիրունյանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է 2008 թվականի մայիս ամսվա ժամանակահատվածում տեղի ունեցածի մասով։

Սիրունյանը նշել է, որ Մայրապետյանը բացարձակ կապ չունի Մարտի 1-ի գործի հետ, պարզապես, նրա խոսքերով, լրատվամիջոցները օգտվելով իր լռությունից, հորինեցին այդ վարկածը։

Լրատվամիջոցի դիտարկմանը, թե Մայրապետյանի՝ Մարտի 1-ի առնչության մասին խոսել է գործարար Սիլվա Համբարձումյանը, Սիրունյանը վրդովվեց, թե ինչպես կարելի է «այդ կնոջ ասածները լուրջ ընդունել, որը իրեն գործարար է հորջորջում»։

«Ես կրկնում եմ՝ Մայրապետյանը Մարտի 1-ի հետ կապ չունի, Մարտի 1-ի զոհերի հետ կապ չունի, կրակողների հետ կապ չունի, Մարտի 1-ը նախապատրաստողների հետ կապ չունի, ոչ էլ կապ ունի Մարտի 1-ից հետո որևէ բան քողարկելու հետ։ Այս քրեական գործը բացարձակ պոլիտիկայի հետ կապ չունի։ Սա տնտեսական աստառ ունեցող գործ է, բայց միևնույն ժամանակ կապ չունի նաև Մայրապետյանի կառուցապատման գործունեության հետ»,- ասաց Սիրունյանը։

Պաշտպանը ընդգծել է նաև, որ Սամվել Մայրապետյանը ոչ մի կապ չունի նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, թեև հիմա մամուլն ամեն ինչ տանում է դեպի դրան։

«Եթե ասեք Արմեն Գևորգյան, ապա կասեմ՝ այո, նրանք ընտանիքներով մտերիմ են, ընկերներ են, հարազատություն կա, բայց Մայրապետյանը Քոչարյանին չի ճանաչում։ Ես դա կարող եմ միանշանակ պնդել»,- ասել է Սիրունյանը՝ հավելելով, որ իրենք երկուշաբթի վերաքննիչ բողոք են ներկայացնելու կալանքի որոշման դեմ, որը աբսուրդ է։ Կալանքի ոչ մի հիմք չի եղել։ Մայրապետյանը ազատության մեջ մնալով չէր կարող խոչընդոտել քննությանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս