«Երևանի ավագանու ընտրությունները, կամ քաղաքացիների պահանջն ու «գիշերը չքնելը» ցուցիչ չեն ժողովրդի կամարտահայտության». Սպարտակ Սեյրանյան

Հայ հեղափոխական դաշնակցությունը կողմ է եղել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն ո՛չ հրատապ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: Ըստ նրա՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի վրա նաև ՀՅԴ-ն է շատ արագացված աշխատել ամռանը, օգոստոսին այն գնացել է կառավարություն:

«Մենք նորից այսօր էլ հաստատում ենք, որ ՀՅԴ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություներին, մենք մեր քվեարկության, մեր խոստման, մեր պայմանավորվածության տերն ենք»,- ասաց Ս.Սեյրանյանը՝ ընդգծելով, որ երբ պայմանավորվում էին մինչ մեկ տարի ընտրություններ անցկացնելու մասին, այդ ժամանակ հասկանում էին, որ թե՛ սեպտեմբերը, թե՛ դեկտեմբերը, թե՛ փետրվարը այդ ժամկետի մեջ է, և մի քիչ արդար չէ, եթե ոչ մանիպուլյացիա, որ խորհրդարանը կամ կոնկրետ ՀՅԴ-ն ուզում է, որ դա լինի մայիսին:

Կարևորը, Ս.Սեյրանյանի խոսքով, թե ինչ քայլերից հետո պետք է լինեն ընտրությունները՝ Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխություն, մի քանի պայմանավորվածություններ, այդ թվում՝ ոստիկանության ենթակայության փոփոխություն, որ լինի կառավարության ենթակայության տակ, և ամենակարևորը՝ ընտրությունները կարող են լինել լեգիտիմ, բայց կարևոր է դրա արդյունքների արդարության հանրային ընկալումը, իսկ դրա համար անհրաժեշտ է հավասար մրցակցային դաշտ:

Ս.Սեյրանյանի խոսքով՝ եթե բոլոր քաղաքական ուժերը բանակցությունների ճանապարհով որոշեն, որ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերին, ուրեմն թող լինեն դեկտեմբերին. «Մենք որևէ կերպով չենք խոչընդոտի, թեկնածու չենք առաջադրի, որ խորհրդարանական ընտրությունները հրատապ, կամ վարչապետի խոսքով՝ ափալ-թափալ, լինեն դեկտեմբերին»:

Նա նշեց, որ կառավարության կայքէջում կա ԸՕ փոփոխությունների տարբերակը, դրանք պետք է քննարկել և ընդունել. «Մենք մեր խոսքի տերն ենք, ակնկալում ենք, որ մեր մյուս գործընկերներն էլ կլինեն իրենց խոսքի տերը»:

Ամեն դեպքում, Ս.Սեյրանյանը չի բացառում, որ ՀՅԴ-ն կհամաձայնի առանց ԸՕ ընդունման դեկտեմբերին գնալ ընտրությունների, եթե բանակցությունների արդյունքում լինի կոնսենսուս:

Ս.Սեյրանյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրությունները, կամ քաղաքացիների պահանջն ու «գիշերը չքնելը» ցուցիչ չեն ժողովրդի կամարտահայտության և անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե. «Եթե խոսում ենք ժողովրդի անունից, դա մի դեպքում է հնարավոր՝ հանրաքվեի»:

Ըստ նրա՝ քաղաքական հավատամքի բաղկացուցիչ մասն է՝ ցանկացած կարևոր հարցով կա ամենալավ գործիքը, որին հանգել է մարդկությունն իր քաղաքակրթական զարգացման ընթացքում, դա հանրաքվեն է, նաև շատ կարևոր գործիքներից է տեղական հանրաքվեները, որ ցույց է տալիս հասարակության իրական կամարտահայտությունը:

«Չեմ տեսել տրամաբանական բացատրություն, թե ինչու պետք է արտահերթը լինի հրատապ»,- ասաց Ս.Սեյրանյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս