Բաժիններ՝

Թե ինչպես Աննա Խաչատրյանի նվիրած շապիկն «օգնեց» Վիգեն Ահարոնյանին պատվով հանդես գալ միջազգային մրցույթում

Բարձր տրամադրությամբ ու նորանոր բարձունքներ հաղթահարելու ձգտումով է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձել երգիչ Վիգեն Ահարոնյանը: Նա սեպտեմբերին Նովորոսիյսկ քաղաքում անցկացված ամենամյա «Морской узел» միջազգային մրցույթ- փառատոնում գրավել է առաջին հորիզոնականը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վիգեն Ահարոնյանը շեշտում է՝ Հայաստանը 16 տարի մասնակցում է այդ մրցույթին և հիմնականում լավ տեղեր ու հաղթանակներ է գրանցում:

«Ամեն դեպքում՝ առաջին եռյակում միշտ եղել ենք: Այս տարի շատ խիստ էր, քանի որ Հայաստանը վերջին 3-4 տարին պարբերաբար առաջին տեղն էր զբաղեցնում և հայ մասնակցին ավելի խիստ էին դատում: Ես մրցույթի մասին տեղյակ էի, քանի որ  այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Ռազմիկ Ամյանը, Աննա Խաչատրյանը, Անահիտ Շահբազյանը, Նարե Գրիգորյանը, Արփին և այլք մասնակցել են այդ մրցույթին: Երեք տարի ցանկանում էի մասնակցել: Այս տարի, ինչպես բոլորը, հայտ ներկայացրի տեղի կազմակերպիչներին, նրանք էլ, դիտարկելով իմ հայտը, ուղարկեցին այն ռուսական ժյուրիին: Եվ ժյուրին որոշեց, որ մրցույթին հենց ես պետք է ներկայացնեմ Հայաստանը»,-մեզ հետ զրույցում ընդգծեց երգիչը:

Նրա խոսքով՝ ինքը մրցույթին պատրաստվել է երեք ամիս: «Առաջին փուլում միջազգային հիթ պետք է ներկայացնեի, երկրորդ փուլում հայերեն երգ: Դրանից հետո անցկացվեց մրցանակաբաշխություն և գալա համերգ: Այս տարի շատ ուժեղ մասնակիցներ կային, առաջին տեղը ես և Ղազախստանը կիսեցինք: Ղազախ աղջիկն էլ շատ ուժեղ մասնակից էր: Ընդհանրապես, արժանի մրցակիցները շատ էին»,-հավելում է Վիգեն Ահարոնյանը:

Ի դեպ, մրցույթ մեկնելուց առաջ երգչուհի Աննա Խաչատրյանը արտիստին Հայկ Նահապետի պատկերով շապիկ է նվիրել, որով էլ երգիչը հանդես է եկել ռուսական բեմում: Վստահ էր՝ Հայկ Նահապետի ոգին օգնեց հաղթել:

Վիգեն Ահարոնյանը շեշտում է՝ սա միջազգային հարթակում հանդես գալու իր առաջին փորձը չէ: ՀՀ զինված ուժերում ծառայելու տարիներին մասնակցել է «Виват победа» միջազգային մրցույթին՝ արժանանալով ոսկե մեդալի և դառնալով միջազգային մրցույթի դափնեկիր:

«Եթե հնարավորություն լինի, մեծ սիրով կրկին պատրաստ եմ ներկայացնել Հայաստանը: Կարծում եմ, որ բոլորի համար մեծ պատիվ է, պատասխանատվություն ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում»,-նշում է երգիչը:

Վիգեն Ահարոնյանը փաստում է ՝ համերգներով հաճախակի է հանդես գալիս թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Հոկտեմբերի սկզբին էլ ելույթով հանդես կգա Իսպանիայում: Այս պահին աշխատում է նոր տեսահոլովակի վրա, որի երաժշտության հեղինակն Արսեն Գրիգորյանն է, տեքստը հեղինակել է Գրիգոր Կյոկչյանը: Ահարոնյանի խոսքով՝ տեսահոլովակը հոկտեմբերի վերջին պատրաստ կլինի և կներկայացվի հանրությանը:

«Փորձում եմ կատարել տարբեր ոճերի ստեղծագործություններ: Շատ սիրում եմ հայկական, հայրենասիրական,ազգագրական երգեր, բայց նաև երգում եմ էստրադային: Շատ սիրում եմ ժողովրդական երգեր, բայց դեռ ինձ իրավունք չեմ վերապահում այդ ոճում հանդես գալ»,-հավելում է արտիստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս