«Մարդկանց 1,7 տոկոսը շատ լավ է գնահատում ՀՀ տնտեսության ներկայիս վիճակը». Արամ Նավասարդյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրվա վերաբերյալ հանրության կարծիքը ճշտելու համար «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն Հայաստանի ամբողջ տարածքում 18 տարեկանից բարձր անձանց շրջանում սեպտեմբերի 3-11-ն իրականացրել է սոցհարցում։

«Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով հարցման արդյունքները, փաստեց, որ դրանք պատրաստ են եղել մինչև Երևանի ավագանու ընտրությունները, սակայն չեն հրապարակել, որպեսզի ինչ-որ կերպ չազդեն ընտրությունների արդյունքների վրա։

Այսպիսով՝ ՀՀ ներկայիս վարչապետի աշխատանքը հարցվածների 89 տոկոսը դրական է գնահատել, կառավարության աշխատանքը՝ 62, 4 տոկոսը։

Հարցվածների 76 տոկոսը ՀՀ նախագահի աշխատանքը նույնպես դրական է գնահատել, իսկ խորհրդարանի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 24, 4 տոկոսը։
«Վերջին 5-6 տարիների ընթացքում ՀՀ կառավարության աշխատանքի մասով նման բարձր գնահատական չէի տեսել»,- նշեց Ա. Նավասարդյանը։

Ըստ ընդհանուր տվյալների, հարցման մասնակիցների 1,7 տոկոսը նշել է, որ շատ լավ է գնահատում ՀՀ տնտեսության ներկայիս վիճակը, 9,5 տոկոսի կարծիքով՝ լավ է, 46,7 տոկոսի համար էլ տնտեսությունը գտնվում է միջին վիճակում, միայն  28 տոկոսի համար է վատ։

«Եթե նայենք միջին ցուցանիշին, ապա այս տարի գրանցվել է 46,7 տոկոս, իսկ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին այդ տվյալները 26, 3 տոկոս էր։ Այս ցուցանիշում մենք ունենք գրեթե 20 տոկոսի չափով աճ»,- փաստեց Արամ Նավասարդյանը։

Հարցման արդյունքում պարզել են նաև, թե հեղափոխությունից հետո որքանով են արդարացել մարդկանց սպասելիքներն այս կառավարությունից։

«Մարդկանց 14, 4 տոկոսը նշել է, որ ամբողջությամբ արդարացել է իրենց սպասելիքները, 64,2 տոկոսի խոսքով՝ որոշ չափով է արդարացել, 7, 6 տոկոսի համար՝ որոշ չափով չի արդարացել, իսկ 19 տոկոսի համար էլ ընդանրապես չի արդարացել։ Դրական տրույթում ունենք 78, 6 տոկոս, որոնց սպասումներն արդարացել են»,- շեշտեց Ա. Նավասարդյանը։
Հարցումների արդյունքում նաև պարզվել է, որ  հարցվածների 91,6 տոկոսը դրական է գնահատում  ՀՀ վարչապետի 100-օրյա գործելաոճը։

168.am-ի դիտարկմանը, թե արդյոք հոկտեմբերի 2-ին Բաղրամյան պողոտայում ՀՀ վարչապետի հրավիրած հանրահավաքը կարո՞ղ է  առաջիկա արտահերթ խորհրդարական ընտրություններում դրական ազդեցություն ունենալ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնարավոր քվեների վրա, Արամ Նավասարդյանն ասաց, որ ցանկացած միջոցառում և իրադարձություն իր ազդեցությունն է թողնում այս կամ այն կուսակցության ձայների թվաքանակի վրա, սակայն դժվար է ասել,  այն դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս