Հայաստանում սրտամկանային հիվանդությունները երիտասարդացել են
Սրտաբան Ֆլորա Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով եղանակային փոփոխություններով պայմանավորված սրտանոթային հիվանդությունների սրմանը, փաստեց, որ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ ամառային սեզոնի ավարտից հետո պետք է դիմեն բժշկի, քանի որ աշնանը նրանց մոտ զարկերակային ճնշման տատանումներ և սրտային անբավարարություն է նկատվում։
«Ամռան ավարտից հետո բժիշկը պետք է վերանայի ստրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց բուժումը։ Զարկերակային ճնշման բարձրացմանը զուգահեռ՝ պետք է փոխել նրանց դեղորայքը։ Խորհուրդ կտամ բժշկին չդիմել միայն ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ նման դեպքերում շատ ավելի բարդ է կայունացնել հիվանդի ինքնազգացողությունը։ Հաճախ լինում են դեպքեր, երբ սրտանոթային հիվանդություն ունեցող մարդու զարկերակային ճնշումը չի տատանվում, սակայն տեղի է ունենում շրջանառվող արյան ծավալի մեծացում կամ փոքրացում, որից էլ մարդու ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, նա ունենում է թուլություն, քնկոտություն, գլխապտույտներ»,- նշեց սրտաբանը։
Նրա խոսքով՝ սրտանոթային հիվանդություններ ունեցողները պետք է հետևեն իրենց սննդակարգին՝սահմանափակեն կերակրի աղի, ճարպոտ սննդի՝ տապակաների օգտագործումը, ցանկալի չէ նաև մեծ քանակությամբ հեղուկի օգտագործումը։
Սրտաբանի բնորոշմամբ՝ շաքարային դիաբետ ունեցողների համար նախատեսված սննդակարգը գրեթե ամբողջապես բավարարում է սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց սննդակարգը։
Ֆլորա Մուրադյանը նաև փաստեց, որ Հայաստանում սուր սրտային խնդիրները, ինֆակտը, սրտային նոպաները բավականաչափ երիտասարդացել են, արդեն գրանցվել է մեկ դեպք, երբ սրտամկանային ինֆակտով 17 տարեկան հիվանդ են ունեցել։ Բացի այդ, սրտանոթային հիվանդությունները բավականին տարածում են գտել 25-30 տարեկան անձանց շրջանում։
«Սրտամկանի ինֆակտի երիտասարդացման հիմնական պատճառը մեր աղտոտված օդն ու ոչ ճիշտ սնունդն է։ Մեզ մոտ առավոտյան նախաճաշելու մշակույթ ձևավորված չէ, ինչը սխալ է, ճաշի ժամին էլ մարդիկ ուտում են այն, ինչ այդ պահին ձեռքի տակ ունեն, շատ դեպքերում ուտում են երշիկեղեն, որի բաղադրության մասին գաղափար անգամ չունեն։ Էլ չեմ խոսում գիշերվա ժամերի մասին, երբ մարդիկ ուտում են՝ ինչ ցանկանում են, և անմիջապես քնում։ Այս ամենն էլ իր հերթին՝ բերում է մարսողության վատացման և անոթներում ճարպի կուտակման»,- շեշտեց սրտաբանը։
Զվարթ Խաչատրյան