«Ռուսաստանի հետ հարաբերություններում միշտ էլ խնդիրներ եղել են». Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում միշտ էլ խնդիրներ եղել են, բայց, նրա խոսքով՝ ժամանակին կար մեխանիզմ, որով փորձ էր արվում խնդիրները լուծել. «Այդ մեխանիզմն ընթացիկ գործընթացներն էին Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններում: Այդ մեխանիզմն աշխատում էր: Բայց պատկերացնելը, թե կան հարաբերություններ, որտեղ վստահություն կա, այնքան էլ գրագետ չէ»։
Հիմա, ըստ քաղաքագետի, ՀՀ և ՌԴ իշխանությունների համար խնդիր պետք է լինի բնականոն դարձնել միմյանց միջև եղած հարաբերությունները. «Դա իհարկե, դեռ չի եղել: Բայց մենք տեսնում ենք կամքի դրսևորում հայկական կողմից: Պարոն Փաշինյանն օգտագործում է բոլոր առիթները հանդիպումների ժամանակ, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները բնականոն շրջանակի մեջ դնի: Ռուսական կողմն էլ դրան ըմբռնումով է մոտենում, և հիմա իրենք էլ ինչ-որ բան իրենց կողմից են անում, որ խնդիրը կարգավորվի»։
Իսկանդարյանի խոսքով՝ այդ գործընթացն ասիմետրիկ է. «Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ Ռուսաստանում չհասկացվածություն կա, հակառակն էլ է նկատելի, և դա առավել տեսանելի է դառնում ճգնաժամային իրավիճակներում, բայց գնում է գործընթաց, որ հարաբերությունների լավացում տեղի ունենա»։