Բաժիններ՝

Հայաստանը ֆրանկոֆոն երկրներ հիմնականում արտահանում է պատրաստի սննդի արտադրանք, ոգելից խմիչքներ, նաև հանքաքարեր, խտահանք

Հայաստանից արտահանման ծավալներն այս տարի աճել են` նաև ֆրանկոֆոն երկրներ արտահանման զգալի ավելացման հաշվին: Աճի հիմնական պատճառներից է ֆրանկոֆոն շատ երկրների կողմից Հայաստանին GSP+ արտոնյալ պայմանների տրամադրումը: Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների և ներդրումների քանակը Հայաստանում ևս զգալի են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը նշեց` Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը այդ երկրների հետ համագործակցության զարգացման նոր հնարավորություններ կստեղծի:

«Ֆրանկոֆոն երկրների հետ մենք ունենք առևտրաշրջանառության և, հատկապես, արտահանման ծավալների աճ և 2017թ.-ի կտրվածքով, և 2018-ի հունվար-հուլիս ամիսների ժամանակահատվածում: Այդ երկրներից ամենաշատ առևտրաշրջանառություն ու տնտեսական կապեր ունենք հատկապես Ֆրանսիայի հետ»,-ասաց Կարապետյանն ու նկատեց` ոչ միայն ֆրանկոֆոն երկրների շրջանակում, այլ առհասարակ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալների մեջ մեծ է Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Էմիրությունների, Վրաստանի դերը:

Հայաստանը ֆրանկոֆոն երկրներ հիմնականում արտահանում է պատրաստի սննդի արտադրանք, ոգելից խմիչքներ, նաև հանքաքարեր, խտահանք: Թարմ գյուղատնտեսական ապրանքատեսակների արտահանումը դեռ փոքր-ինչ խնդրահարույց է: Այս տարի բանջարեղենից և մրգերից պատրաստված չրերի մեծ արտահանում ենք ունեցել Շվեյցարիա: Կարապետյանը վստահեցրեց` ավելանում են ոչ միայն արտահանվող ապրանքների ծավալը, այլ նաև ապրանքատեսակները: «Նախորդ տարի առաջին անգամ ֆրանկոֆոն Կիպրոս արտահանել ենք նոր ապրանքատեսակներ, այդ թվում` բնական մորթուց հագուստ»,-նշեց նա:

2018-ի հունվար-հուլիսին Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 4089.74 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 26.8 տոկոսով: Այդ թվում ԵՄ երկրներ առևտրաշրջանառությունը աճել է 36.1 տոկոսով, որից ֆրանկոֆոն երկրներից աճի տեմպեր են գրանցվել հատկապես Ֆրանսիայի հետ`72.9 տոկոսով: Առևտրաշրջանառությունն աճել է նաև Հունաստանի հետ՝ 65. 1 տոկոսով, Լեհաստանի հետ՝ 12.8  տոկոսով, Լյուքսեմբուրգի հետ` 5.7 տոկոսով: Այլ ֆրանկոֆոն երկրներից Շվեյցարիայի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է 40.6 տոկոսով, Եգիպտոսի հետ՝ 68.0, իսկ Մարոկկոյի հետ՝ 45.3 տոկոսով: Իսկ ԱՊՀ երկրներից ֆրանկոֆոն Ուկրաինայի հետ առևտրաշրջանառությունն աճել է 48. 9 տոկոսով:

2018-ի հունվար-հուլիսին նախորդ  տարվա նույն ժամանակի համեմատ գրանցվել է նաև արտահանման ծավալների աճ՝ 17.3 տոկոսով՝ կազմելով 1363.1 մլն ԱՄՆ դոլար: ԵՄ երկրներ արտահանումն աճել է 22.0 տոկոսով, որից ֆրանկոֆոն երկրներ աճի տեմպեր են գրանցվել, մասնավորապես դեպի Ֆրանսիա՝ 87.2 տոկոսով: Հայաստանը հիմնականում Ֆրանսիա արտահանում է ալյումինե նրբաթիթեղ, կաշվե արտադրատեսակներ, հյութեր, գինի, պահածոյացված մրգեր և բանջարեղեն: Դեպի Բելգիա արտահանումն աճել է 18.2 տոկոսով:

Այս երկիր արտահանվում են հիմնականում ցինկ, մոլիբդեն, հանքաքար և խտահանք, գինի,պահածոյացված մրգեր և բանջարեղեն: ԵՄ երկրներից դեպի Հունաստան արտահանումն աճել է 75.3 տոկոսով:  Ֆրանկոֆոն երկրներից  դեպի Շվեյցարիա արտահանումն աճել է 32.6 տոկոսով, դեպի Կանադա` 48.22 տոկոսով: Իսկ ԱՊՀ ֆրանկոֆոն երկրներից աճել է արտահանումն Ուկրաինա` 75.6 տոկոսով:

Եգիպտոսը միակ ֆրանկոֆոն երկիրն է, որտեղ Հայաստանը թարմ բանջարեղեն է արտահանում: Նոր համաձայնագիր է սպասվում նաև ԵԱՏՄ անդամ երկրների և ֆրանկոֆոն Եգիպտոսի միջև: Ներկայում համաձայնագիրը բանակցային փուլում է: Դրա մեջ ներառված են մեր այն հիմական ապրանքատեսակները, որոնք ունեն արտահանման պոտենցիալ:

Ներմուծման առումով այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա համեմատ աճի տեմպեր են գրանցվել հատկապես ԵՄ երկրներից` 47.8 տոկոսով, որից ֆրանկոֆոն երկրներից հատկապես Ֆրանսիայից ` 71.9 տոկոսով, Հունաստանից` 65.1 տոկոսով, Լյուքսեմբուրգից` 63.9 տոկոսով: Աճ է գրանցվել նաև Շվեյցարիայից`32.9,  Եգիպտոսից` 69.4 տոկոսով:

«Ֆրանկոֆոն շատ երկրների հետ առևտրաշրջանառության բարձրացան պատճառն այն է, որ մի շարք ֆրանկոֆոն երկներ նաև ԵՄ անդամ են, և նրանց հետ ունենք GSP+ արտոնությունների համակարգի իրավունք արտահանման ժամանակ: Արտոնյալ ռեժիմ են տրամադրում նաև Շվեյցարիան, Կանադան:  Սա հիմնական պատճառներից մեկն է: Իսկ ֆրանկոֆոն Վրաստանի հետ ունենք ազատ առևտրի համաձայնագիր»,-նշեց Կարապետյանը:

Նրա կարծիքով` ֆրանկոֆոն երկրները մեր հիմնական գործընկերներից են: Մեծ աճ է նկատվել, մանավանդ վերջին տարիներին: Հատկապես Ռումինիան և Հունաստանը վերջին տարիներին մեծ ցուցանիշներ են գրանցում: «Կարծում եմ` մենք իրոք անելիք ունենք այս երկրների հետ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լրացուցիչ հարթակ կհանդիսանա մեր համագործակցության հետագա զարգացման համար»,-նշեց Կարապետյանը:

Ֆրանկոֆոն շատ երկրներ նաև մեծ ներդրումներ են անում Հայաստանում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչությունից տեղեկացրին` այս տարի մինչ հունիսի վերջ ընկած ժամանակահատվածը Ֆրանսիայի կողմից տնտեսության իրական հատվածում ներդրումների հոսքերը կազմել են 1 087 մլն դոլար, որից եղել են ուղղակի ներդրումներ` 960 մլն դոլար: Ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ Հայաստանում 305 ձեռնարկություն է գրանցվել մինչ հուլիսի մեկն ընկած ժամանակահատվածը:

Մինչև 2018-ի հունիսի վերջ ընկած ժամանակահատվածը Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում ֆրանկոֆոն Շվեյցարիայից կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել  են  268 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` ուղղակի համախառն հոսքերը` 192.7 մլն դոլար, Կանադայի կողմից կատարված ներդրումների համախառն հոսքերը` 793 մլն  դոլար, այդ թվում` ուղղակի համախառն հոսքեր`  125 մլն ԱՄՆ դոլար: Իսկ Բելգիայից ներդրումների համախառն հոսքերը կազմել են 26.5 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` ուղղակի համախառն հոսքեր` 22.7  մլն դոլար:

Այս տարվա հուլիսի մեկի դրությամբ Հայաստանում գրանցված է շվեյցարական կապիտալի մասնակցությամբ 65, կանադական կապիտալի մասնակցությամբ 146 ձեռնարկություն և բելգիական կապիտալի մասնակցությամբ 37 ձեռնարկություն և ԱՁ:

Նույն ժամանակում Հայաստանի տնտեսությունում  զգալի ներդրումներ է կատարել նաև Եգիպտոսը: Տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել են 128 հազ. դոլար,  ուղղակի համախառն հոսքերը`  128  հազ. դոլար: Իսկ հանրապետությունում 2018-ի հուլիսի 1-ի դրությամբ գրանցված է եգիպտական կապիտալի մասնակցությամբ 11 ձեռնարկություն:

Աննա Գրիգորյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս