«Խաչքարը մարդկանց աղոթքն է առ Աստված». հորդանանցի լուսանկարիչը աշխարհին պատմում է հայկական խաչքարի մասին
Խաչքարերին սիրահարված հորդանանցի լուսանկարիչ Ռամի Իսեռը, ով բուն մասնագիտությամբ տնտեսագետ է, իր հայաստանյան առաջին այցի ընթացքում նկատում է այն խաչքարը, որն առաջինը դարձավ հազարավոր լուսանկարներից, որոնք հետագայում արեց:
Ավելի ուշ իմանում է, որ խաչքարն ավելի քան 1900 տարի հայկական մշակույթի մի կարևոր մասնիկն է:
«Այցիս նպատակը Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունն էր: National Geographic-ի առաջարկով այցելեցի Հայաստան՝ «Արցունքներ Հայաստանից» ցուցահանդեսն իրականացնելու նպատակով:
Հայաստանում մնացի 14 օր և խաչքարերի բազմաթիվ լուսանկարներ արեցի: Այդ ճամփորդությունից հետո Հայաստանը սրտիս մեջ նկարեցի նոր ձևով, նոր գույներով: Ես մի արաբ մարդ եմ, ով մտել է գործել հայկական պատմության և մշակույթի խորքը: Պատմություն, մշակույթ, քաղաքակրթություն՝ բաներ, որոնց կարել է հանդիպել ամեն փողոցի անկյունում: «Արցունքներ Հայաստանից» ծրագիրս վերանվանեցի «Լույսեր Հայաստանից»:
Ըստ արաբ լուսանկարչի՝ հայերը առատաձեռնության, բարության մարմնավորում են, այնպիսին, ինչպիսին ինքը երբևէ չի հանդիպել իր նախորդ ճամփորդությունների ընթացքում : Իսկ Հայաստանից առաջ այցելել է ավելի քան 82 երկիր:
Ռամիի՝ Հայաստանում արված լուսանկարները ցուցադրվում են ԱՄՆ-ում, Եգիպտոսում,Փարիզում, Հռոմում, Լիբանանում… Այնուհետև, բարեգործական ցուցահանդես է տեղի կազմակերպում Երևանում ՝Թումանյանի թանգարանում: Հասույթը տրամադրվում է Գյումրու դպրոցներից մեկում համակարգչային սենյակի բացմանը:
Առաջին այցի ավարտին արդեն ուներ 3255 լուսանկար: Ուսումնասիրելով խաչքարային արվեստը՝ որոշում է դրա մասին պատմել աշխարհին ՝շեշտելով դրանց հայկական ծագումը:
«Բացի խաչքարերն ուսումնասիրելուց, սկսեցի նաև հայերեն սովորել: Այցելություններս դեպի Հայաստան դարձան առավել հաճախ: 2016 թ. հուլիսին նկարիչների միության տանը կայացավ երկրորդ ցուցահանդեսս, այս անգամ՝ «Մի խաչքարի պատմություն» խորագրով: Այնուհետև ծանոթացա «Fund 100» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրան Բալոյանի հետ: Ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվեց հիմնադրամին, որը կոչված է օգնելու քաղցկեղով հիվանդ հայ մանուկներին»:
Իսեռն ավելի ուշ ծանոթանում է ՏՏ ոլորտի մասնագետ Մհեր Պարույրյանի հետ, և չորս հոգուց բաղկացած թիմի հետ ստեղծում «Khachkar Foundation» ծրագիրը և Khachkar.com կայքը:Այստեղ կարելի է տեսնել է շուրջ 38 000 խաչքարերի լուսանկարներ, ծանոթանալ նրանց պատմությանը:
«Կայքի նպատակն է աշխարհին ծանոթացնել խաչքարին և, առավել ճանաչելի դարձնել այն: Խաչքարերի մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է, դրանք դասակարգվում են ըստ աշխարհագրական դիրքի: Այն վիրտուալ թանգարան է: 2018 թ. խաչքարերի և իմ ծրագրերի շուրջ հանդիպում-քննարկում ունեցա Հորդանանում: Տեղի նկարիչների միության կողմից ստացա պարգև: Նույն թվականին, «Հայ եկեղեցու ազդեցությունը խաչքարի զարգացման վրա» դասախոսությունիցս հետո, Հորդանանի հայերի միության կողմից արժանացա ազգային վարչության պարգևին։
Այդ ժամանակ էլ սկսեցինք «Հայկական խաչքարը մշակութային ցեղասպանությունների և գոյության հրամայականների միջև» անունը կրող լուսանկարչական ալբոմ-գրքի նախապատրաստումը, որն այժմ տպագրության փուլում է»:
Ռամին արդեն 11 անգամ այցելել է Հայաստան և մտադիր է լինել նաև Հայաստանի գրավված տարածքներում՝ ինչպես, օրինակ, Նախիջևանում: Նրա նպատակն է լուսանկարել այնտեղի խաչքարերը ՝որպես հայ ժողովրդի դարավոր գոյության վկաներ:
«Խաչքարը մարդկանց աղոթքն է առ Աստված:Միշտ մտածում եմ՝ ինչքան մեծ է այն հավատքը,որ ստիպում է քարին աղոթք արտասանել»,- ասում է արաբ լուսանկարիչը: