Հայաստանի և Վանուատուի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր
Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, հանդիպել է Վանուատուի արտաքին գործերի և առևտրի նախարար Ռալֆ Ռեգենվանուի հետ:
Արտգործնախարարները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ ընդգծելով միջազգային կառույցներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցության կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ, անդրադարձել Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախատեսվող միջոցառումներին, օրակարգին և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին:
Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և առաջիկա նախաձեռնությունները: