«Որևէ քաղաքական ուժ չունի արտահերթ ընտրության օրակարգին դիմադրելու ռեսուրս». Հակոբ Բադալյան

«Որևէ քաղաքական ուժ չունի արտահերթ ընտրության օրակարգին դիմադրելու ռեսուրս»,- այսօր Հոդված 3 ակումբում կազմակերպված «Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Ըստ նրա՝ խնդիրը լինելու է այն, թե քաղաքական ուժերն ինչպես կկարողանան պայմանավորվել իշխանության հետ՝ լուծարելու և ընտրություն անցկացնելու պայմանների առումով. «Այդ մասով կփորձեն դիմադրել, բայց վերջնարդյունքին դիմադրելու ռեսուրս որևէ մեկը չունի։ Իհարկե, բոլորի համար կա խորհրդարանում հայտնվելու խնդիր, բայց հասկանում ենք, որ ինչ-որ ուժեր պետք է այնտեղ հայտնվեն՝ իշխող ուժից բացի։ Այստեղ ինչ-որ շահագրգռվածություն ունի նաև իշխանությունը, որովհետև չի կարող միայն Նիկոլ Փաշինյանի ուժը ներկայացված լինել խորհրդարանում։ Մյուս ուժերի հետ հնարավոր է գալ կոմպրոմիսի՝ խաղի այնպիսի կանոններ մշակելու, որ այս փուլում ավելի դյուրին լինի խորհրդարանում հայտնվելն այլ ուժերի համար։ Հնարավոր է, որ դա վերաբերի անցողիկ շեմն իջեցնելուն, ինչի մասին խոսակցություններ արդեն եղել են»։

Բադալյանի խոսքով՝ առաջիկայում ձևավորվելիք խորհրդարանը լինելու է միջանկյալ. «Հիմնական քաղաքական պրոցեսները պետք է տեղի ունենան դրանից հետո, որովհետև դրանից հետո կան հարցեր, թե ով է ընդհանրապես Հայաստանում լինելու երկրորդ քաղաքական ուժը, կամ արդյո՞ք լինելու են երրորդ, չորրորդ քաղաքական ուժեր։ Իրավիճակի կայունացումից հետո պետք է այլ պատկեր ունենանք»։

Տեսանյութեր

Լրահոս