Տեխնիկական սարքերն ընտրական տեղամասերում 3 անգամ կարմիր ազդանշան են տվել
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքերը մինչև 11:30-ը 3 կարմիր ազդանշան են տվել: Այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:
«475 ընտրական տեղամասերից ընդամենը 3 տեղամասում է տեխնիկական վրիպակի պատճառով եղել կարմիր ազդանշան: Դեպքերից 2-ում կտրոնը չի տպվել, սակայն գրանցել է քաղաքացուն, մյուս դեպքում կտրոնը տպվել է ամբողջությամբ սպիտակ, սակայն դարձյալ ցույց է տվել, որ քաղաքացին գրանցվել է: Քանի որ 1 րոպեի ընթացքում ընտրողը սարքից հեռու չի գնացել, մեր դիտարկմամբ՝ այստեղ որևէ խախտում չկա, և ընդամենը տեխնիկական խնդիր է: Քաղաքացիներին ընտրելու հնարավորություն է տրվել, բայց ամեն դեպքում փաստերի վերաբերյալ ոստիկանությունը կազմել է համապատասխան արձանագրություն»,- նշեց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ սարքերի աշխատանքի խափանումների նաև այլ դեպքեր են արձանագրվել:
«Քվեարկության նախորդ օրը 6 սարք փոխարինվել են, հիմնական խնդիրը եղել է տպիչի փակիչի հետ կապված: Մինչև այս պահը մենք փոխարինել ենք 5 տեխնիկական սարքավորում, որոնցից 4-ը տպիչի փակիչի հետ կապված, 1-ը՝ փաստաթղթերը կարդալու հատվածի անսարքություն է ունեցել: Բոլոր խնդիրներն անհապաղ լուծում են ստանում»,- ասաց նա:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կազմավորված 475 տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործարկվել են 1380 տեխնիկական սարքավորում: 403-ում գրանցումն իրականացվում է 3 տեխնիկական սարքավորումներով, 44 տեղամասերում՝ 2-ով, և միայն մեկ տեղամասում 1 սարքավորումով. այդտեղ ընտրողների թիվը 500-ից պակաս է: