Ամերիկյան լոբբինգի առանձնահատկությունները
ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը սկսել է ակտիվորեն կիրառել օտարերկրյա գործակալների գրանցման ակտը՝ հրապարակային դաշտ բերելով օտարերկրյա լոբբիստներին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի, հայտնի որպես FARA, դրույթների ակտիվ կիրառմանը, որը ստիպում է օտարերկրացի լոբբիստներին ու լոբբինգով զբաղվող ազդեցիկ այլ գործիչներին գրանցվել արդարադատության նախարարության համապատասխան մարմնում և բացահայտել իրենց գործունեությունը:
Օրենքը պարտադրում է բոլոր իրավաբանական, հանրային կապերով զբաղվող և այլ տեսակի ընկերություններին, որոնք Միացյալ Նահանգներում գործունեություն են ծավալում օտարերկրյա կառավարության անունից գրանցվել արդարադատության նախարարության համապատասխան մարմնում և բացահայտել իրենց գործունեությունը: Լոբբիստներից շատերը մի շարք պատճառներով անտեսում էին օրենքի այդ պահանջը:
Այս ոլորտում մոտեցումների վերանայումն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի քարոզարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը լոբբիստական գործունեություն է ծավալել Ուկրաինայի քաղաքական գործիչների համար:
Փոլ Մանաֆորթի ու նրա գործընկեր Ռիք Գեյթսի գործի շրջանակում գրանցվել է նաև FARA-ի դրույթների խախտում:
Ըստ արդարադատության նախարարության տվյալների, 2016 թվականի վերջից զգալիորեն աճել է FARA-ի ներքո գրանցված կազմակերպությունների ու անհատների թիվը: