«Սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին». Սևակ Հակոբյանը՝ «Yerevan Today»-ում իրականացված խուզարկության մասին

«Yerevan Today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, իրենց խմբագրությունում տեղի ունեցած խուզարկությունը փորձ էր՝ լռեցնելու լրատվամիջոցին։

«Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ, և փորձ է խաթարելու կայքի բնականոն աշխատանքը։ Սա միտված է մեր օրինակով «դաս տալ» ազատ ու հիմնավորված  քննդատական խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ այս գործելաոճը հայտնի է դեռևս Սովետական Միության տարիներից։

Նա նշեց, որ «Yerevan Today»-ում սեպտեմբերի 17-ին կատարված խուզարկության հիմքը եղել է համացանցում տարածված տեղեկությունը, թե իբր ուժային կառույցների ղեկավարների գաղտնալսված զրույցի ձայնագրությունը դրա տարածումից երկու օր անց առաջինը հրապարակվել է հենց իրենց կայքում։

Հակոբյանը հստակեցրեց, որ Google որոնողական համակարգն այդ օրերին ժամային տեղեկատվությունը սխալ է ցույց տվել, ինչը փաստել են նաև տեղեկատվական անվտանգության փորձագետները. «Այդ ամենի մասին եղել է հայտարարություն լրատվամիջոցի կողմից, բայց իրավապահ մարմիններն ավելի շատ ուշադրություն դարձրին ֆեյքերի լուրերին, նպատակը երևի այլ էր։ Խուզարկության նպատակն էր՝ հայտնաբերել նաև գաղտնալսող սարքեր և այլ նյութեր` այդ ձայնագրության հետ կապված»։

«Yerevan Today»-ի խմբագիրն ասաց, որ պատրաստվում են դիմել հայաստանյան և միջազգային կառույցներին, որոնք զբաղվում են մամուլի և խոսքի ազատության պաշտպանությամբ՝ իրենց վերաբերմունքը բարձրաձայնելու ակնկալիքով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս