ԲԴԽ նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորին

Սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների դատավորներին ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նորանշանակ դատավոր Էդգար Սեդրակյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետջ կապերի ծառայությունից, ԲԴԽ նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի անդամ լինելը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող: Նախագահը, հաջողություն մաղթելով Էդգար Սեդրակյանին, նաև հույս է հայտնել, որ նա իր ներդրումը կունենա կոլեկտիվ մտածողության մթնոլորտ ստեղծելու հարցում:

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը ևս ողջունել է նորանշանակ դատավորին՝ Քաղաքացիական և վարչական պալատի նոր համալրման կապակցությամբ:
Հիմք ընդունելով Ազգային ժողովի՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ի «Էդգար Սեդրակյանին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-018-Ա որոշումը՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2018թ. սեպտեմբերի 15-ի ՆՀ-408-Ա հրամանագրով՝ Էդգար Սեդրակյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր:

Ազգային ժողովի 105 պատգամավորի կողմից գաղտնի քվեարկությանը մասնակցած 89 պատգամավորից Էդգար Սեդրակյանի օգտին քվեարկել էր 67 պատգամավոր: Թեկնածուներ Արգիշտի Ղազարյանը ստացել էր 11 կողմ ձայն, Արծրուն Միրզոյանը`9-ը: Երկու քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:

Տեսանյութեր

Լրահոս