«Գլխավոր խնդիրը՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն ուղղահայաց հարթությունից տեղափոխել հորիզոնական հարթություն». Ռուբեն Մեհրաբյան

Հարցազրույց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ

Պարոն Մեհրաբյան, սեպտեմբերի 1-ին ՊուտինԱլիև հանդիպումից առաջ բուռն քննարկման առարկա դարձավ ՀԱՊԿին Ադրբեջանի անդամակցության հարցը, սակայն երկու երկրների նախագահների հանդիպմանը և դրանից հետո մինչ օրս այդ թեման այլևս չի արծարծվել։ Ի՞նչն է խնդիրը։ 

– Ես չեմ կարծում, որ Ադրբեջանում լուրջ «զոնդաժ» էր կազմակերպված՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հետ կապված, և Ադրբեջանն իրականում կհամաձայնի այդ անդամակցությանը՝ ինչ գնով էլ դա լինի, որովհետև նախ՝ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, սահմանակից է Ռուսաստանին, երկրորդ՝ Ադրբեջանն իր բոլոր հնարավորությունները, որ ստացել է անկախությամբ, դրանով ուղղակի կնվիրի Ռուսաստանին։ Հետևաբար՝ ես չեմ համարում, որ դա լուրջ քննարկվող հեռանկար է։

– Բայց ադրբեջանցի պատգամավորը չէր կարող սեփական նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին հայտարարություն անել։  

Կարդացեք նաև

– Դա արվել էր ընդամենը տրամադրություններ շոշափելու համար, բայց ոչ ավելին։

– Ադրբեջանը հասա՞վ իր նպատակին։ 

– Ինչ-որ առումով՝ այո, որովհետև առանց իրողությունները հաշվի առնելու՝ ամեն մի սին խոսակցություն դարձնում ենք քննարկման առարկա։

– Այդ թեման սպառվա՞ծ է։ 

– Կարծում եմ՝ այո։ Պաշտոնական Երևանի այն դիրքորոշումը, որ, եթե Ադրբեջանը նման փորձ անի, Հայաստանը վետո կդնի, դրանով թեման փակվում է։ Համենայն դեպս՝ դրանից հետո այլ  խոսակցություն չի եղել և չի էլ կարող լինել։ Քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ-ում է, Ադրբեջանի տեսական ցանկություններն արգելափակված են։

– Այսօր Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ի՞նչ է սպասվում՝ ՀԱՊԿ-ի հետ կապված։

– Կարծում եմ՝ բավականին ծանր խոսակցություն կլինի, որովհետև բազմաթիվ հարցեր կան և՛ ռուսների մոտ, թե ընդհանրապես Հայաստանն ինչ է անում և ուր է գնում, և՛ հայերի մոտ, թե ռուսներն ընդհանրապես ինչ են մտադիր անելու։ Ի վերջո, Փաշինյանի հարցազրույցի այն մասում, որի անոնսը երեկ հրապարակվեց, իսկ ամբոջությամբ պետք է այսօր ցուցադրվի, մի պարզ հարց է բարձրացվում, որ պետք է հասկանանք, թե ինչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ը մեր նկատմամբ, նաև մենք՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Այդ ամենն ընդամենը մինչ օրս «լղոզվել» է արտաքին լոյալության դրսևորումներով, հնազանդություն ցուցաբերելով, ինչը բավարարել է Մոսկվային, բայց հիմա հասկանում ենք, որ շատ ավելի իրավաբանությանը մոտ հիմքերով այդ ամենը պետք է կարգավորվի։ Իսկ դա հաստատապես հեշտ գործընթաց չի լինի։

– Յուրի Խաչատուրովը, ըստ էության, շարունակում է գլխավորել ՀԱՊԿ-ը։  

– Այո, շարունակում է գլխավորել։ Համենայն դեպս, պաշտոնական Երևանի դիրքորոշումն այն է, որ Խաչատուրովը պետք է հետ կանչվի, նրա փոխարեն ուղարկվի Հայաստանի այլ ներկայացուցիչ։ Մնացածն արդեն հետագա դեպքերի ընթացքը ցույց կտա։ Իսկ կարող է շատ բաներ ցույց տալ։ Այո, Հայաստանին կարող են ասել, թե Խաչատուրովի գնալով՝ այլևս համարեք՝ ձեր քվոտան սպառել եք, և այդ պաշտոնին նշանակեն Բելառուսի ներկայացուցչի։ Է, թող նշանակեն։ Այդ ի՞նչ է արել Խաչատուրովն այդ պաշտոնում Հայաստանի համար, որ Բելառուսը չի անի, կամ ինչո՞վ այդ կազմակերպությունն ավելի լավը դարձրեց։ Ես դրանում դրամա չեմ տեսնում։

Ավելին՝ միտում եմ տեսնում, իբրև թե Խաչատուրովի այնտեղ գտնվելը մի մեծ նվեր էր Հայաստանին, հիմա էլ ուզում են դրանից զրկել, բայց պետք է թույլ չտալ նման բաներ «վաճառել» մեզ վրա։ Ի վերջո, դուք էլ, ձեր ՀԱՊԿ-ն էլ։ Ի վերջո, բոլորն էլ գիտեն, որ այդ ասիմետրիկ կառույցում գլխավոր քարտուղարը կլինի Խաչատուրովը թե Իվանովը, միևնույն է, որոշումներն ընդունվում են Մոսկվայում։ Այնպես որ, այդպես ձևական հարցերով պետք չէ գլուխ ցավեցնել։

– Տեսակետ կա, որ, եթե ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ չլինի, Հայաստանի տարածքներն ուղիղ հարձակման կենթարկվեն։  

– Ես չեմ ասում, որ Հայաստանն այսօր պետք է գնա դրան, որ այլև չլինի ՀԱՊԿ-ի անդամ։ Բայց մյուս կողմից էլ՝ ի՞նչ տարբերություն՝ ՀՀ-ն ՀԱՊԿ անդա՞մ է, թե՞ ոչ, երբ մեր ռազմավարական դաշնակիցը 5 մլրդ դոլարի հարձակողական զենք է վաճառում մի երկրի, որը սպառնում է ՀԱՊԿ անդամ այլ երկրի։ Այդտեղ էլ ո՞ւր է ՀԱՊԿ-ն։ Այնպես որ, դա էլ թող չվաճառեն մեզ վրա։ Ուղղակի պետք է իրողություններին սթափ նայել և անել հետևություններ։

Այս իրողությունների բացասական մասը չեզոքացնելու համար Երևանն ուղղակի պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը, իր արտաքին տնտեսական քաղաքականությունը, իր անվտանգության քաղաքականությունը, իր պաշտպանական քաղաքականությունը, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերություններն ուղղահայաց հարթությունից տեղափոխի հորիզոնական հարթություն, և ռուսներն էլ իմանան, որ այնպես չէ, որ Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ սկսվում և վերջանում են Մոսկվայից։

Տեսանյութեր

Լրահոս