Կալանավորված Ստամբուլի նախկին քաղաքապետը հայտարարել է ընդդիմադիր կուսակցությունից դուրս գալու մասին
Կալանավորված Ստամբուլի նախկին քաղաքապետ և ընդդիմության նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) դուրս գալու մասին, որի անդամ էր 17 տարի։
Իմամօղլուն հայտարարության մեջ նշել է, որ իր որոշումը պայմանավորված է երկրի ապագայի հանդեպ իր պատասխանատվությամբ և այն արժեքներով, որոնց հավատում է։
«Այսօր մենք ՆՈՐ ճանապարհ ենք բացում՝ միասին կառուցելու ավելի ուժեղ, ավելի ժողովրդավարական և ավելի հույսով լի Թուրքիայի ապագան»,- հայտարարել է նա։
Իմամօղլուն նաև տարածել է «Նոր կուսակցության» (Yeni Parti) անդամակցության և աջակցության հղումը՝ իր կողմնակիցներին կոչ անելով միանալ նոր քաղաքական նախաձեռնությանը։
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ում հետ մինչ այժմ միասին աշխատել և պայքարել ենք։ Ձեզ հրավիրում եմ դառնալ այս ճանապարհի մի մասը, միասին մեծացնել հույսը և միասին կառուցել ապագան։ Մենք միասին կհաջողենք»,- նշել է Իմամօղլուն։
«Նոր կուսակցությունը» ստեղծվել է հուլիսին մի խումբ պատգամավորների կողմից՝ Օզգյուր Օզելի գլխավորությամբ, որոնք հեռացել էին «CHP»-ից կուսակցության համագումարի վերաբերյալ դատարանի որոշումից հետո։ Օզելի հետ միասին կուսակցությունից հեռացել էր շուրջ 90 պատգամավոր, ինչի հետևանքով կուսակցությունը կորցրել էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովում խոշորագույն ընդդիմադիր ուժի կարգավիճակը։

