«Թուրքիան ի՞նչ նախապայմաններ է առաջ քաշել, որպեսզի բացի սահմանը». Նարեկ Կարապետյանը՝ Սարգիս Խանդանյանին
Այսօր խորհրդարանում քննարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Սարգիս Խանդանյանին հարց ուղղեց, հետարքրքվելով, թե Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար ի՞նչ նախապայմաններ է առաջ քաշել։
«Մենք իմացանք, որ վերջին տարիներին Դուք եղել եք տվյալ հանձնաժողովի ղեկավար։ Հարցը շատ կարևոր է, հուզում է մեր հասարակությանը։ Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար։ Արդյո՞ք նախապայմանների մեջ կա Ցեղասպանության պետականորեն ճանաչման հարցի առաջ չքաշելը, և մեր ազգային խորհրդանիշը՝ մեր զինանշանի կենտրոնում պատկերված Արարատ լեռը, խորհրդանիշային բազայից հանելը, այսինքն՝ մեր բոլոր խորհրդանիշերից հանելը»,-հետաքրրքվեց Նարեկ Կարապետյանը։
Պատասխանե։լով հարցին, Սարգիս Խանդանյանն ասաց, որ որևէ նախապայման չկա։
«Թուրքիա կարգավորման գործընթացում, ինչպես հայտնի է և ինչպես Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտնել են, գործընթացն իրականանում է առանց նախապայմանների։ Այսինքն՝ Հայաստանը և Թուրքիան, մասնավորապես Հայաստանի հատուկ ներկայացուցիչները, պարտավորվել են, որ գործընթացի կարգավորման ընթացքում նախապայմաններ առաջ չեն քաշվելու, և ձեր նշած 2 հարցերը՝ ոչ։ Բանակցությունների որևէ փուլում նման պահանջ, նույնիսկ նման ակնարկ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից երբևէ չի եղե»,-նշեց իշխանական պատգամավորը։
Արձագանքելով, Նարեկ Կարապետյանն ասաց, որ այսինքն՝ կարող են ֆիքսել, որ Արարատ լեռը, որպես ազգային խորհրդանիշ, շարունակում է կատարել իր դերը՝ առանց վտանգ ներկայացնելու Հայաստանի անվտանգությանը։
«Եվ երկրորդ՝ Ցեղասպանության հարցը և պետական ճանաչումը Հայաստանի արտաքին օրակարգերի առաջնահերթությունն են՝ աշխարհի երկրների պետական ճանաչումը»,-հավելեց նա։
Նարեկ Կարապետյանի դիտարկմանն արձագանքեց նաև Սարգիս Խանդանյանը, շեշտելով, որ պատգամավորի հարցն ու դրա եզրահանգման տրամաբանությունը մի քիչ իրար լավ չէին բռնում։
«Բայց ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին. արդյո՞ք Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, թե՞ ոչ։ Ես կարծում եم, որ չպետք է լինի հա՛ այդպիսին։ Եվ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի տարիներին, երբ որ այդ հարցը բերել և դարձրել է ազգային արտաքին քաղաքական առաջնահերթություն, մեծագույն սխալ է գործել, որովհետև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մի շարք պետություններ գործիքայնացրել են։
Մեր բարեկամ երկրների խորհրդարաններում շատ բանաձևեր են ընդունվել, և միևնույն ժամանակ Ադրբեջանի հետ մեծ ռազմական պայմանագրեր են կնքել, և ստացվել է, որ հավասարության նշան են դրել։ Հայոց ցեղասպանությունը չպետք է դարձնել որևէ տեսակի բանակցության առարկա»,-ընդգծեց Սարգիս Խանդանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

