Մեր միակ պահանջն այն է, որ կրկնակի փորձաքննություն նշանակվի․ 3 տարի է՝ քննվում է Արագածոտնի մարզում տեղի ունեցած վթարը

2023 թվականի հոկտեմբերին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ բախվել էին Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Աշխեն Հ.-ի վարած Lexus մակնիշի, Արցախի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Ռազմիկ Վ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

3 տարի քննվող այս վթարի ու դրան հաջորդած իրավական պրոցեսների մանրամասների մասին տեղեկացանք 21-ամյա վարորդի ընտանիքի անդամներից։ Նրա հայրը՝ Մխիթար Վերդյանը, դիմել է 168.am-ի խմբագրություն՝ ահազանգելով դատական պրոցեսի՝ անհասկանալի դրվագների մասին։

Ի դեպ, Վերդյանների ընտանիքը 2023 թվականին է բռնի տեղահանվել Արցախից, վթարի ենթարկված որդին՝ Ռազմիկը, մինչև վերջին օրը ծառայության մեջ է եղել Զինված ուժերում։

«Մենք փորձաքննություն ենք ուզում։ Վթարի օրը «Լեքսուս»-ի վարորդի վերցրած արագությունն այնքան մեծ է եղել, որ, իմ ենթադրությամբ,  չի կարողացել պավարոտ վերցնի ու վթարի է ենթարկել։ Ես քննիչին էլ եմ ցույց տվել այդ վթարի տեղը, բայց մենք ինչքան միջնորդություն ներկայացրել ենք, որ փորձաքննություն նշանակեն, բոլորը մերժվել է թե՛ դատարանի, թե՛ քննիչի կողմից»,- պատմեց Մխիթար Վերդյանը։

Կարդացեք նաև

Իրավական մանրամասների ու Մխիթար Վերդյանի դժգոհության առիթ դարձած՝ չնշանակված փորձաքննությունների մասին զրուցեցինք Ռազմիկ Վերդյանի փաստաբան Դավիթ Ավանեսյանի հետ։

«Դեպքից 5-6 ամիս հետո գործն ուղարկվել է դատարան, ու առ այսօր քննվում է,- 168.am-ի հետ զրույցում պատմեց փաստաբանը և հավելեց,- Հիմնական խնդիրը, որ պաշտպանության կողմի համար մտահոգություն տեղիք է տալիս, այն է, որ դատարանը կրկնակի փորձաքննություն չի նշանակել, անհիմն կերպով մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունները։ Այստեղ խնդիրն այն է, որ մյուս վարորդը բավականին արագությամբ (70 կմ/ժ առավելագույն արագություն թույլատրող ճանապարհահատվածով ընթացել է 100 և ավել կիլոմետր արագությամբ) է ընթացել, ու չգիտենք՝ ինչպես, վերջում մեղավոր է հանդիսացել իմ պաշտպանյալը»։

Տեղեկացանք, որ այս գործով դատավորը Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Կարապետյանն է։

«Պետք է նշանակվի կրկնակի դատա-ավտոտեխնիկական փորձաքննություն, քանի որ սկզբնական փորձաքննությունը նշանակելու ժամանակ իմ վստահորդը ցուցմունք չի տվել՝ օբյեկտիվ հանգամանքով պայմանավորված․ դեպքից հետո գիտակցության կորուստ է ունեցել, ժամանակի ընթացքում վերականգնվել է, և հիշելով դեպքի հանգամանքները՝ ներկայացել է քննիչի մոտ, ցուցմունք տվել, սակայն իր տված ցուցմունքը ո՛չ քննիչն է հաշվի առել, ո՛չ դատարանն է հաշվի առել, ու գործով ձեռք բերված նոր տվյալները դատարանը ևս անտեսել է և փորձաքննություն չի նշանակել։ Մեր միակ պահանջն այն է, որ կրկնակի փորձաքննություն նշանակվի արդեն գործով ձեռք բերված բոլոր հանգամանքների հաշվառմամբ»,- ամփոփեց Դավիթ Ավանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930