Իրանի ԱԳՆ–ն հակադարձել է Ալբանիայում անկարգություններին մասնակից լինելու մեղադրանքներին

Բախվելով հասարակական ցասման հետ՝ չխուսափել պատասխանատվությունից և չմեղադրել այլոց։ Ալբանական իշխանություններին նման կոչ է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

Ավելի վաղ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Իրանին մեղադրել էր երկրի մայրաքաղաք Տիրանայում զանգվածային ցույցերի հետ կապված ապատեղեկատվական արշավներին մասնակից լինելու մեջ: Ռամայի խոսքով՝ Ալբանիայում իրավիճակն ապակայունացնելու նպատակով Իրանն իբր կեղծ տեղեկություններ է տարածել։

«Հանգստացե՛ք, պարոն վարչապետ։ Դուք եք սկսել, այնպես որ, ընդունեք նաև հետևանքները: Ավելի լավ է՝ հարգեք ձեր ժողովրդի միտքն ու գիտակցությունը՝ որպես հարուստ պատմություն ունեցող մշակութային ազգի, որն ի վիճակի է տարբերել ճշմարտությունը ստից: Եթե ցանկանում եք վաճառել ձեր ազգային ինքնիշխանությունը, դա ձեր գործն է, բայց երբ բախվում եք հասարակական զայրույթին, մի՛ մեղադրեք ուրիշներին՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից: Ուշադրություն դարձրեք փողոցներում ցուցարարների կարգախոսներին՝ «Մենք դեմ ենք կոռուպցիային», «Մենք արդարություն ենք պահանջում», «Ռամա, հեռացի՛ր»։ Ալբանական իշխանությունները, սեփական ժողովրդի օրինական և տրամաբանական պահանջներին արձագանքելու փոխարեն, նախընտրում են Իրանի դեմ այս ծիծաղելի մեղադրանքներով ծածկադմփոց կազմակերպել: Իհարկե, Ալբանիայի ժողովուրդը չափազանց խորամիտ է նման պնդումներն ընդունելու համար»,-հայտարարել է Բաղային՝ հերքելով Ալբանիայի վարչապետի՝ Իրանին ուղղված մեղադրանքները։

2026 թվականի մայիսի վերջին Ալբանիայում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին «Ալբանիան չի վաճառվում» կարգախոսով՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների «Affinity Partners» ներդրումային ընկերության կողմից Ադրիատիկ ծովի ափին և Սազան կղզում 1,4-1,6 մլրդ դոլար արժողությամբ 10 հազար հյուրանոցային համար ունեցող հանգստավայրի կառուցման:

Ըստ «BirdLife International» կազմակերպության՝ այս տարածաշրջանում ապրում են ավելի քան 200 տեսակի թռչուններ, այդ թվում՝ ֆլամինգոներ, որոնք դարձան «ֆլամինգոյի հեղափոխություն» անվանումը ստացած բողոքի ցույցերի խորհրդանիշ։ Բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների։ 2026 թվականի հունիսին ոստիկանությունը ջրցան մեքենաներ կիրառեց կառավարական շենքերի արգելապատնեշները ճեղքած ցուցարարներին ցրելու համար։

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ակտիվորեն առաջ է տանում Քուշների նախագիծը՝ հերքելով արգելոցի համար սպառնալիքը և պնդելով, որ դա թույլ կտա աշխատատեղեր ստեղծել և ներդրումներ ներգրավել: Կառուցապատողներն արդեն փշալարերով ցանկապատեր են տեղադրել, իսկ մուտքի ճանապարհները մաքրելու համար ծանր տեխնիկան սկսել է ոչնչացնել արգելոցի սոճու անտառները։ Քուշների կինը՝ Իվանկա Թրամփը, այս տարի մի խումբ ճարտարապետների հետ այցելել էր Ալբանիա՝ տեղանքն ուսումնասիրելու։

Սկանդալը դիվանագիտական կոնֆլիկտ առաջացրեց Հունաստանի հետ, որը «խորը մտահոգություն» էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ: Եվրահանձնաժողովը ևս համակարծիք էր Աթենքի մտավախություններին՝ նշելով, որ այդ շինարարական նախագծի իրականացումը խախտում է ԵՄ բնապահպանական չափանիշները՝ միաժամանակ չնպաստելով Եվրամիությանը Ալբանիայի անդամակցության գործընթացին:

Ալբանիայի հատուկ դատախազությունը նախագծի հետ կապված հետաքննություն է սկսել։ Դատախազներն ուսումնասիրում են 2024 թվականին հողակտորի ձեռքբերման և դրա պահպանական կարգավիճակի փոփոխության հանգամանքները։ Այդ ժամանակ էր Քուշների ընկերությունը հայտարարել ներդրումների ծրագրերի մասին։
Քուշների գլխավորած «Affinity Partners» ընկերությունը 2025 թվականին ստիպված էր հրաժարվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում գլխավոր շտաբի նախկին շենքի տեղում «Trump International» հյուրանոցի կառուցումից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930