Թուրքիայի երկու դպրոցներում կրակոցների առնչությամբ ձերբակալվել է 162 մարդ
Թուրքիայում 162 մարդ է ձերբակալվել այս շաբաթվա ընթացքում դպրոցներում հրազենի կիրառմամբ գրանցված երկու միջադեպերից հետո։ Այս մասին հայտնում է Hürriyet-ը՝ վկայակոչելով երկրի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին։
Ըստ նախարարի, այդ մարդիկ ձերբակալվել են համացանցում հարձակումների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու և դրանց նկատմամբ հանրային հավանություն արտահայտելու կասկածանքով։ Այս խախտումների համար սոցիալական ցանցերում արգելափակվել է ավելի քան 1100 օգտատիրոջ հաշիվ։
«Մենք հայտնաբերել ենք բազմաթիվ հաշիվներ, որոնց բովանդակությունը նպաստում է բնակչության շրջանում վախի, անհանգստության և խուճապի տարածմանը։ Այս հաշիվները հրապարակայնորեն տարածում էին մոլորեցնող տեղեկատվություն և գովաբանում հանցագործություններն ու հանցագործներին», – հայտարարել է նախարարը։
Ապրիլի 15-ին Քահրամանմարաշ քաղաքի միջնակարգ դպրոցում սպանվել էր 9 մարդ, այդ թվում՝ դեռահաս հրաձիգը։ Դրանից մեկ օր առաջ Շանլիուրֆա նահանգում դպրոցի նախկին աշակերտը ներխուժելով շենք՝ վիրավորել էր 16 մարդու և ինքնասպանություն գործել։



