Նիդեռլանդների վարչապետը մեկնաբանել է Թրամփի հետ իր հանդիպումը
Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յեթենը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցը կառուցողական է եղել և օգնել է նրանց ավելի լավ հասկանալ միմյանց, բայց չի մոտեցրել նրանց դիրքորոշումները։
Հոլանդական թագավորական զույգը և երկրի վարչապետը երկուշաբթի օրը ժամանել են Միացյալ Նահանգներ այցով։ Երեկոյան նրանց պատվին Թրամփի հրավերով ընթրիք է կազմակերպվել Սպիտակ տանը։
«Լավ երեկո էր։ Մենք կարողացանք մի քանի ժամ մտքեր փոխանակել շատ կարևոր հարցերի շուրջ, որոնք ազդում են նաև Նիդեռլանդների վրա՝ Մերձավոր Արևելքի պատերազմը, Ուկրաինայում պատերազմը և մեր երկրների միջև առևտրային հարաբերությունները։ Մենք կառուցողական զրույց ունեցանք նախագահի հետ»,- ընթրիքից հետո Nu.nl-ին ասել է Յեթենը։
Հոլանդիայի վարչապետի խոսքով՝ այս հանդիպման ընթացքում նա կարողացել է արտահայտել Նիդեռլանդների, ինչպես նաև Եվրոպայի մտահոգությունները։
«Ժամանակ առ ժամանակ օգտակար է նաև պարզապես, ամերիկյան ձևով, ընդունել տարբերությունները՝ միմյանց գործողությունները ավելի լավ հասկանալու համար»,- նշել է նա։
Յեթենը նաև հավելել է, որ այս զրույցը բավարար չէր միմյանց որևէ բանում համոզելու համար, բայց բավարար էր երկու երկրների դիրքորոշումները հասկանալու համար։



