«Աշխարհը պետք է պատրաստ լինի Իսրայելի հնարավոր սաբոտաժներին». Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սիրիացի իր գործընկերոջ՝ Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ հանդիպումից հետո հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ֆիդանն ընդգծել է առկա ճգնաժամային իրավիճակներից դասեր քաղելու, ինչպես նաև ողջամտորեն գործելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Իսրայելի կողմից բանակցությունները խաթարելու գործողությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Աշխարհի հասարակությունը հատկապես պետք է պատրաստ լինի Իսրայելի հնարավոր սաբոտաժային գործողություններին հակադարձելուն, ինչպես նաև այնպիսի արձագանք տալուն, որն անհրաժեշտ է»,- հավելել է նա:
Բացի այդ, վերջինս անդրադարձել է ԱՄՆ-Իսրայել և Իրան բախումների ֆոնին Թեհրանի և Մերձավոր Արևելքի պետությունների միջև առկա հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ այդ հարաբերությունները, հիմնվելով ավելի առողջ հիմքի վրա, կկարգավորվեն, ինչպես նաև տարածաշրջանում կձևավորվի անվտանգության ու խաղաղության նոր ճարտարապետություն:
«Որպես Թուրքիա մենք շարունակելու ենք այս գործընթացում ակտիվ դերակատարում ունենալ: Ես ևս մեկ անգամ ասում եմ՝ պատրաստ ենք ամեն կերպ մեր ներդրումն ունենալ»:
Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Իսրայելի կողմից Գազայում և Լիբանանում իրականացվող գործողության մասին՝ այն որակելով որպես «ցեղասպանություն»: «Իսրայելն այժմ Գազայում ընթացող ցեղասպանությունը տեղափոխում է Լիբանան»,- ասել է նա:



