Այսինքն՝ ես մասնակցում եմ ահաբեկչական ակտի և րոպե առաջ ուզում եմ բացահայտվա՞ծ լինել. «Հյուսիսային տերևաթափի» գործով մեղադրյալ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց մեղադրյալ Աշոտ Մարգարյանը: Վերջինս նախ ասաց՝ մեղադրյալներից ում է ճանաչում. ոմանց հետ մարտական ընկերներ էին, մյուսների հետ՝ պարզապես ծանոթներ:
«Վազգենը, Էդգարը և ես ընկերներ ու գործընկերներ ենք: Վազգենը, Սերգեյը և ես քաղաքական պայքարի ընթացքում ենք շփվել ու ծանոթացել: Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ ստեղծվել է հանցախումբ, որը պետք է կատարեր ծանր հանցանք, մարդկանցից, ովքեր իրար շատ քիչ գիտեն»,- ասաց Աշոտ Մարգարյանը:
Վերջինս հիշեցրեց՝ ինչպես են իրավապահներն իրենց տուն ներխուժել:
«Դուռը կոտրում էին. մտածեցի՝ անասուն են, հաստատ կկոտրեն, բացեմ»,- ասաց Աշոտ Մարգարյանը, ում խոսքից հետո դատավոր Հայրապետյանը հորդորեց զսպվածություն ցուցաբերել:
Ինչ վերաբերում է խնդրահարույց թղթիկին, մեղադրյալն ասաց՝ ոչ ոք չի կարող ասել, որ դա ահաբեկչության պլան է:
«Չկա փորձագիտական կարծիք, իսկ առանց այդ կարծիքի՝ այն արժեք չունի: Խուզարկության ժամանակ իմ մեքենան ինքս եմ բացել, հանել եմ վերնազգեստս, տվել օպերատիվ աշխատողին: Չեն վերցնում, ասում են՝ դիր տեղը: Այսինքն՝ ես մասնակցում եմ ահաբեկչական ակտի և րոպե առաջ ուզում եմ բացահայտվա՞ծ լինել: Թուղթն իմ գրպանում էր, ես այդ վերնազգեստը տալիս էի օպերատիվ աշխատողին, որի գրպանում էդ թո՞ւղթն էր: Ես զինվորական կրթություն ունեմ, գիտեմ՝ դիվերսիան ինչ է: Էդ ահաբեկչության պլանն անհեթեթություն է, և ես դա կապացուցեմ: Եկեք՝ 10 րոպե ընդմիջում հայտարարենք, ես էդ ընթացքում անունը դնեմ՝ Հարավային տերևաթափ, կազմեմ դատավոր Ջոն Հայրապետյանի լիկվիդացիայի ծրագիրը»,- ասաց նա:
Վերջինս ասաց՝ որսի չի գնում, տանը երբևէ զենք չի պահել:
«Ինչո՞վ պետք է իրականացվեր այն, ինչն իբր թե կանխվել է»,- ասաց Աշոտ Մարգարյանը:
Մեղադրյալ Աշոտ Մարգարյանի հարցաքննությունն այսօր չավարտվեց: Դատական նիստը հետաձգվեց:
Մանրամասները՝ տեսանյութում:



