Վրաստանի վարչապետը ողջունել է խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Ինչպես հայտնում է Վրաստանի առաջին ալիքը, Վրաստանի վարչապետն այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, որը պետական այցով Վրաստանում է։
«Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Վրաստանը վճռականորեն աջակցում է խաղաղ գոյակցությանը, կառուցողական համագործակցությանը և տարածաշրջանում նոր նախաձեռնություններին։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք դրական ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման գործում։ Մենք պատրաստ ենք նպաստել երկխոսությանն ու խաղաղ գործընթացին»,- նշել է Կոբախիձեն։
Նա հավելել է, որ Հարավային Կովկասի երկրների համագործակցությունը նոր հեռանկարներ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար։ «Մենք տեսնում ենք գլոբալ քաղաքական փոփոխություններ, և այդ փոփոխություններն ավելի շատ են ամրապնդում Միջին միջանցքի նշանակությունը՝ ներառյալ Սև ծովն ու Հարավային Կովկասը՝ որպես ռազմավարական տարածք»,- նշել է Վրաստանի վարչապետը։



