ԱՄՆ ավելի քան 46 միլիոն բնակիչ «կարմիր» նախազգուշացում է ստացել
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը շաբաթ օրը «կարմիր դրոշի» նախազգուշացում է հայտարարել ավելի քան 46 միլիոն ամերիկացու համար՝ Մեծ հարթավայրերից մինչև հարավ-արևելք՝ հրդեհների տարածված կրիտիկական վտանգի պատճառով. հայտնում է ABC News-ը։
Ուրբաթ օրը հազարավոր մղոններ ձգվող սառը ճակատը բերել է բարձր ճնշման մեծ դաշտ, որը չորացրել է օդը և ուժեղացրել քամին։ Հզոր քամին՝ չոր հողի հետ համակցված, կնպաստի հրդեհների բռնկման դեպքում դրանց արագ աճին և տարածմանը:
Սպասվում է, որ շաբաթ օրը Մեծ հարթավայրերում քամու պոռթկումները կհասնեն 48–97 կմ/ժ-ի։
Քամու պոռթկումներ և չորային պայմաններ կդիտվեն նաև Մեքսիկական ծոցի ափից մինչև հարավ-արևելքի ներքին շրջաններ, ներառյալ Լեյք Չարլզ (Լուիզիանա), Ջեքսոն (Միսիսիպի), Բիրմինգհեմ (Ալաբամա), Տալահասի (Ֆլորիդա), Չարլսթոն (Հարավային Կարոլինա) և Էշվիլ (Հյուսիսային Կարոլինա) քաղաքները։ Այս տարածաշրջաններից շատերում նաև երաշտ է, ինչը հողի չորության հիմնական գործոնն է։
Միևնույն ժամանակ, երկրի այլ հատվածներում այս հանգստյան օրերին կանխատեսվում են ջերմաստիճանային կտրուկ տատանումներ։ Շաբաթվա սկզբի գարնանային տաք օրերից հետո ցրտահարությունը պատել է Միջին Արևմուտքը և երկրի հյուսիս-արևելքը։ Չիկագոյում և Նյու Յորքում շաբաթ օրը զգալիորեն ավելի ցուրտ կլինի, սակայն նոր աշխատանքային շաբաթվա սկզբին ջերմաստիճանը կվերադառնա սեզոնային նորմերին։
Ուրբաթ օրը Միջինատլանտյան տարածաշրջանի որոշ շրջաններ գերազանցել կամ կրկնել են մարտի 27-ի իրենց օրական ռեկորդները, այդ թվում՝ Սավանան (Ջորջիա), որտեղ ջերմաստիճանը հասել է +32-ի, և Կոլումբիան (Հարավային Կարոլինա)՝ +31։
Մարտի ավարտին եղանակային պայմանների փոփոխությունը, հավանաբար, սովորականից ավելի տաք եղանակ կբերի երկրի արևելյան կեսի համար և նորմային մոտ՝ արևմտյան կեսի համար ապրիլի սկզբին։ Սակայն հարավ-արևելքում ռեկորդային շոգը կշարունակվի։
Ուրբաթ օրը կրկին գրանցվել են ռեկորդային բարձր ջերմաստիճաններ. Ֆինիքսում օդի ջերմաստիճանը հասել է +39-ի, Մահվան հովտում՝ +38-ի, իսկ Տուսոնում (Արիզոնա)՝ +37-ի։
Ըստ Ազգային օդերևութաբանական ծառայության, մարտի 15-ից 26-ը ողջ երկրում գերազանցվել կամ սահմանվել է ավելի քան 100 ամսական և 700 օրական ռեկորդ։ Մարտի 1-ից երկրում գրանցվել է ավելի քան 1100 գերազանցված կամ սահմանված օրական ռեկորդ։



