«Փաշինյանի հրեշավոր խոստովանությունը․ 2020-ի պատերազմը՝ գիտակցված ընտրություն». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Փաշինյանի հրեշավոր խոստովանությունը․ 2020-ի պատերազմը՝ գիտակցված ընտրություն

Այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրեշավոր հայտարարություն է արել:

Նա ասել է. «Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020թ․ և, արդյունքում, ձեռք ենք բերել պետություն և անկախություն։ Սրանից առաջ էդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր պետության համար, մեր շահերի համար, մեր ապագայի համար, մեր ինքնության համար»։

Սա հստակ քաղաքական ուղերձ է՝ 2020 թվականի աղետաբեր պատերազմն ու պարտությունը ներկայացնել որպես գիտակցված և իբր արդարացված որոշում։

«Գիտակցված զոհողություն»՝ նշանակում է գիտակցված որոշում։ Այսինքն՝ Փաշինյանն, ըստ էության, ընդունում է, որ 2020 թվականի պատերազմը եղել է ոչ թե անխուսափելի ճակատագիր, այլ իր ընտրության արդյունք։ Իսկ եթե դա ընտրություն է եղել, ապա խոսքը արդեն ոչ թե սխալի, այլ՝ քաղաքական պատասխանատվության ծանրագույն դրսևորման մասին է։

Ավելին, նա փորձում է պարտությունը ներկայացնել որպես «ձեռքբերում»՝ այն կապելով պետության և անկախության հետ։ Սա իրականության ցինիկ խեղաթյուրում է, վտանգավոր նարատիվ։

Հայաստանը անկախ պետություն է 1991 թվականից, և որևէ պատերազմ, առավել ևս՝ պարտությամբ ավարտված, չի կարող վերածվել անկախության «ձեռքբերման» հիմնավորման։ Սա պարտության արդարացում է՝ բառախաղի միջոցով։

«Զոհողություն» եզրույթի կիրառումն այս համատեքստում հատկապես ցինիկ է։ Զոհողությունը ենթադրում է բարձր նպատակ՝ արդարացված արդյունքով։ Սակայն երբ արդյունքը հազարավոր զոհեր են, կորսված տարածքներ և խաթարված անվտանգություն, ապա «զոհողություն» բառը դառնում է քողածածկույթ:

Փաշինյանը նաև փորձում է անցյալը ներկայացնել որպես «կառափնարան տանելու» պատմություն՝ իրեն վերագրելով իբր առաջին «ինքնիշխան որոշումը»։

Բայց հենց ինքն իրեն հակասում է:

Եթե 2020-ին եղել է գիտակցված ընտրություն, ապա դրա պատասխանատվությունը չի կարող տեղափոխվել նախկինների վրա։ Այդ որոշումը կայացրել է հենց Փաշինյանը՝ իր հետևանքների համար ամբողջական պատասխանատվությամբ։

Իրականում գործ ունենք մտածողության հետ, որտեղ պարտությունը ներկայացվում է որպես անհրաժեշտություն, կորուստը՝ որպես արժեք, իսկ պատասխանատվությունը՝ որպես անցյալին վերագրվող բեռ։

Փաշինյանի հայտարարությունից հետո տրամաբանական հարց է առաջանում, թե արդյո՞ք նա այս նույն տրամաբանությամբ Հայաստանը կրկին կտանի նոր «գիտակցված զոհողությունների» ճանապարհով։

Անկասկած, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում չգործի քաղաքական պատասխանատվության ինստիտուտը և այս անփառունակ իշխանությունը կրկին վերատադրվի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031