ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 90 միլիարդ դոլար վարկը՝ չնայած Հունգարիայի կողմից արգելափակմանը. ֆոն դեր Լայեն

2026-2027 թվականների համար Կիևին 90 միլիարդ եվրո պատերազմական վարկի տրամադրումն արգելափակված է մնում Հունգարիայի դիրքորոշման պատճառով, սակայն ԵՄ-ն խոստանում է «այսպես թե այնպես» հատկացնել այդ գումարը։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա  հիշեցրել է, որ Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու որոշումը կայացվել է 2025 թ. դեկտեմբերին, և առաջ է քաշվել մեկ պայման, որ երեք երկիր (Հունգարիան, Սլովակիան, Չեխիան) չի մասնակցի վարկի տրամադրմանը։

«Այդ պայմանը բավարարվել է։ Այնպես որ, թույլ տվեք պարզաբանել՝ այդ գումարը մնում է արգելափակված, քանի որ ղեկավարներից մեկը չի պահում իր խոստումը։ Բայց թույլ տվեք կրկնել այն, ինչ արդեն ասել եմ Կիևում՝ մենք դա այսպես թե այնպես կհատկացնենք», – ասել է Եվրահանձնաժողովի նախագահը, որի ելույթի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին այս թեմայի շուրջ ասել է, որ երբ պետությունների ղեկավարներն ինչ-որ համաձայնության են գալիս, ապա դա պետք է հարգել։

«Ինձ համար Պլան Բ գոյություն չունի, որովհետև Պլան Ա-ն պետք է հարգվի։ Դրանից կախված է Խորհրդի հուսալիությունը», – ասել է Մակրոնը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր հերթին հայտարարել է, որ Հունգարիայի քայլը զայրացրել է ԵՄ ղեկավարներին։ Նա ասել է, որ այս ամենը «խորը հետք կթողնի»։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իրավաբանական տեսանկյունից լիովին իրավունք ունի արգելափակելու Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը։ Հունգարիան բազմիցս հայտարարել է, որ չի հաստատի 90 միլիարդ վարկի տրամադրումը Կիևին, ինչպես նաև կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը, քանի դեռ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները չեն վերսկսվել։ Ուկրաինան հայտնել է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածների հետևանքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031