«Անկախության հռչակագրից հրաժարվելն Ադրբեջանի պահանջն է. արձանագրվում են միայն նահանջներ ու զիջումներ». Վարդան Հարությունյան
Այսօր Կառավարության հերթական նիստից հետո, Նիկոլ Փաշինյանը կրկին ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, որի ժամանակ երկար բացատրում էր, թե ՀՀ անկախության հռչակագիրն ինչ «վտանգավոր հռչակագիր է» ու ինչ «կոնֆլիկտներ կարող է բերել երկրին»։
«Պատկերացրեք` դուք տեղափոխվել եք նոր բնակարան, ապրում եք ընդհանուր հարթակում, սպառնում եք և՛ դիմացի, և՛ հետևի, և՛ կողքի հարևաններին` այդպիսով հռչակելով նաև անկախություն։ Դա ի՞նչ է նշանակում. ո՞նց եք այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում… Միայն ու միայն արտաքին օգնությամբ, իսկ դա ձեզ շարունակելու է դնել ահագնացող կախվածության մեջ նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալում եք»,- նշեց Փաշինյանը։
Նա խոստացավ առաջիկայում տեքստի վերլուծությամբ դա ապացուցել։
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, նա նշեց.
«Եվ, հետևաբար, Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է: Սահմանադրությունն ու այս խոսակցությունը մեզ է պետք, դա մեր ներքին օրակարգի հարց է: Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու: Մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ»։
Նախորդ շաբաթ նույն օրն էլ նա հայտարարեց, որ նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում չի լինելու։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այս քայլն ու հայտարարությունը, որ Անկախության հռչակագիրը նոր Սահմանադրությունում չի հիշատակվելու, բոլորովին զարմանալի չէ։
«Սա պահանջ էր, արտաքին պահանջ՝ Ադրբեջանից եկող, որին դիմակայել Նիկոլ Փաշինյանն, իհարկե, չէր կարող։
Ինչ վերաբերում է հայ ազգի դիմակայությանը, չեմ կարող ասել, թե ինչ կլինի, կամ ինչպիսի ընդվզումներ կարող են լինել կամ չլինել։ Բայց քանի որ Սահմանադրությունը նրանք են գրում՝ իշխանությունները, նրանք էլ դիմակայել չեն կարողանում, ուստի ենթարկվել են պահանջին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Հարությունյանը։
Շարունակելով՝ իրավապաշտպանն ասաց, որ սա Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ուղղված առաջին պահանջը չէ, նախկինում էլ են եղել շատ պահանջներ, որոնք իշխանությունների կողմից կատարվել են։
«Օրինակ, սահմանազատում ու սահմանագծում, որն իբր պետք է սկսվեր Տավուշից ու շարունակվեր, բայց սկսվեց ու չշարունակվեց։ Բոլոր բնագավառներում նահանջներ են արձանագրվում, 2020 թվականի մեծ պարտությունից հետո արձանագրվում են միայն նահանջներ ու զիջումներ։ Ադրբեջանն ինչ պահանջում է, դեռևս ստանում է, ամբողջը սա է»,- ընդգծեց Վարդան Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ի սկզբանե ՔՊ-ն նախատեսել էր սահմանադրական բարեփոխումներ, որևէ խոսք չկար նոր Սահմանադրություն ունենալու մասին, սակայն 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում պարտություն կրելուց հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին։
Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահը մշտապես հայտարարում է, թե «ՀՀ Սահմանադրությունը խանգարում է խաղաղության գործընթացին»։



