Դատախազության ֆինանսական վերլուծությունը խիստ թերի է` 400-անգամյա թվաբանական ուռճացումից մինչև 70 կրկնակի հաշվարկված գործարք

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դեմ հարուցված գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստն ավարտվեց նրանով, որ դատախազությունը ստիպված եղավ ընդունել, որ իր ֆինանսական հաշվարկներում առկա են կոպիտ սխալներ՝ խոստանալով վերահաշվարկ իրականացնել, և մինչև մայիսի 13-ը ժամանակ խնդրեց՝ հայցի փոփոխությունն ավարտին հասցնելու համար: Այս մասին հաղորդում է Panorama.am-ը:

Բանկային քաղվածքներ, որոնք ոչ ոք չէր տեսել

Նիստի կենտրոնական բացահայտումն այն էր, որ դատախազությունը բանկային հաշվի քաղվածքում ինքնագլուխ ավելացրել է տողեր, որոնք բանկային փաստաթղթերում բացակայում են: Հարությունյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այդ երևույթի վրա՝ բերելով կոնկրետ օրինակներ:

Հարությունյանն ընդգծեց, որ իր բերած օրինակը եզակի դեպք չէ. հայցվորը բազմաթիվ այլ դեպքերում ևս ավելացրել է տողեր, որոնք բանկային քաղվածքներում բացակայում են:

23 դոլարը՝ 8,930 դոլար. փոխարժեքային սխալ, որ փոխում է ամեն ինչ

Մեկ այլ օրինակը վերաբերում էր նրան, որ դատախազությունը կիրառել է սխալ փոխարժեքներ: Դրա արդյունքում, օրինակ, Արդշինբանկի դրամային հաշվից կատարված 23 ԱՄՆ դոլարի գործարքը, որ կազմում էր մոտ 8,930 դրամ, դատախազության ֆայլում ներկայացված էր որպես 8,930 ԱՄՆ դոլարի գործարք, այսինքն՝ մոտ 400 անգամ ավելի շատ, քան իրական արժեքն է:

70-ից ավելի կրկնակի գործարք, կողմնակի անձանց բազմաթիվ ծախսեր

Դատական նիստի ընթացքում հստակ թվային պատկեր ձևավորվեց. դատախազության վերլուծությունում առկա են 70-ից ավելի կրկնակի հաշվարկված գործարքներ, երբ նույն ֆինանսական գործողությունը մի անգամ՝ մի բանկի, մյուս անգամ մեկ այլ բանկի անվամբ ընդգրկվել է հայցագնի հաշվարկում: Բացի այդ, բազմաթիվ գործարքներ վերագրված են Հարությունյանի ընտանիքին, մինչդեռ դրանք կողմնակի անձանց ծախսերն են:

Գործարքների դասակարգման համակարգային սխալներ

Տող առ տող վերլուծելով դատախազի վերլուծական ֆայլը՝ Հարությունյանը ցույց տվեց գործարքների դասակարգման բազմաթիվ սխալներ, որոնք, ըստ նրա, ունեն ուղղակի ֆինանսական ազդեցություն:

Օրինակ` «տոկոսային եկամուտը», որն օրինական եկամտի կարգ ունի, ձևակերպվել է որպես «հաշվի համալրում»: Հաշիվների միջև ներքին տեղաշարժերը, որոնց ֆինանսական ազդեցությունը պետք է զրո լիներ, ձևակերպվել են որպես «ծախս»: Չեղարկված գործարքները ևս ընդգրկվել են հաշվարկի մեջ:

Արդյունքում՝ համախառն թիվն արհեստականորեն ուռճացվել է:

50 տեսակի հարյուրավոր սխալներ։ Ուղղման ժամկետը՝ մայիս ամիս

Հարությունյանն ընդհանուր առմամբ հայտնաբերել է 50 տեսակի հարյուրավոր սխալներ, սակայն դատարանում ամեն տեսակից ներկայացրեց ընդամենը մեկական օրինակ։

«Ես ամբողջ ֆայլը ծայրից ծայր չեմ ստուգել, կատարել եմ ընտրովի ստուգումներ: Եթե բացահայտված կասկածները հաստատվեն, դատախազությունը պարտավոր է ինքնուրույն ուղղել մնացած սխալները, որպեսզի բուն դատաքննության ընթացքում ստիպված չլինենք դրանց անդրադառնալ»,- նիստի ընթացքում հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Ի վերջո, հայցվոր կողմը չկարողանալով ողջամտորեն հերքել ո’չ ավելացված տողերի, ո’չ փոխարժեքային ուռճացման, ո’չ կրկնակի հաշվառման, ո’չ կողմնակի անձանց ծախսերի ընդգրկման փաստերը, ընդունեց Հարությունյանի ներկայացված մի շարք դիտողությունները և հայտարարեց, որ կիրականացնի վերահաշվարկ՝ դատարանից մինչև 2026թ. մայիսի 13-ը ժամանակ խնդրելով՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխությունն ավարտին հասցնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս