ԵՄ-ն Վրաստանի Կուլևիի նավահանգիստը հանել է Ռուսաստանի դեմ պատրաստվող պատժամիջոցների 20-րդ փաթեթից

Եվրամիությունը Վրաստանի Կուլևիի նավահանգիստը հանել է  Ռուսաստանի դեմ պատրաստվող պատժամիջոցների 20-րդ փաթեթից, քանի որ այն չի խախտել պատժամիջոցների ռեժիմը։ Այս մասին հաղորդում է Georgia Today պարբերականը՝ վկայակոչելով ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դևիդ Օ’Սալիվանի նամակը՝ հասցեագրված Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին։

Ըստ նամակի՝ ի սկզբանե նախատեսվում էր Վրաստանի Կուլևիի նավահանգիստը ներառել պատժամիջոցների 20-րդ փաթեթում՝ ռուսական նավթի ծովային փոխադրումների և նավահանգիստ «ստվերային նավատորմի» մուտքի պատճառով»։

Օ’Սալիվանի խոսքով՝ «դիրքորոշումը վերանայվել է» այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները և նավահանգստի օպերատորը ստանձնել են մի շարք պարտավորություններ։ Մասնավորապես, նրանք մտադիր են թույլ չտալ Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող նավերի մուտքը նավահանգիստ և դրանց սպասարկումը։

Նաև պարտավորություններ է ստանձնել Ադրբեջանի SOCAR ընկերությունը, որը նավահանգստի օպերատորն է։ Այն մտադիր է պահպանել ռուսական նավթի համար ԵՄ-ի կողմից սահմանված գնի վերին շեմը։

Օ’Սալիվանը հավելել է, որ առաջիկա 20-րդ փաթեթում ԵՄ-ն նախատեսում է 40 լրացուցիչ նավ ներառել պատժամիջոցների ցանկում։ Արդեն իսկ ԵՄ-ի սև ցուցակում կա 605 նավ։

Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շրջանակներում ԵՄ-ն մտադիր է առաջին անգամ պատժամիջոցներ սահմանել երրորդ երկրների՝ Ինդոնեզիայի և Վրաստանի նավահանգիստների դեմ՝ ռուսական նավթի հետ կապված գործառնությունների համար: Խոսքը վերաբերում էր նաև Կուլևիի տերմինալին, որը գտնվում է Վրաստանի արևմուտքում՝ Սև ծովի ափին:

Տեսանյութեր

Լրահոս