Եթե Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը երկարաձգվի, Հարավային Կովկասի համար վտանգներն իրատեսական կդառնան
Իրանի շուրջ վերջին ռազմական զարգացումները ցույց տվեցին, որ Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմն այլևս չի սահմանափակվում միայն Մերձավոր Արևելքի ավանդական ռազմաճակատներով։ Իրանական անօդաչու թռչող սարքերի հայտնվելը Նախիջևանում նոր ռազմաքաղաքական իրականություն է ձևավորել, որը կարող է լրջորեն փոխել ուժերի դասավորությունը ոչ միայն Իրանի դեմ ընթացող դիմակայության մեջ, այլև ամբողջ Հարավային Կովկասում։ Եթե այս գրեթե մեկ շաբաթվա ընթացքում զարգացումները վերաբերում էին միայն Մերձավոր Արևելքին, ապա նախիջևանյան զարգացումներն իրանական դիմակայությունը բերեց Հարավային Կովկաս՝ իր բոլոր բացասական հետևանքներով: Եվ դեռ հայտնի չէ, թե որ ուժերն են իրականում կանգնած դրա ետևում, քանի որ իրանական կողմը պաշտոնապես հերքեց, որ Նախիջևան ԱԹՍ-ներ է ուղարկել:
Նախիջևանը, լինելով Ադրբեջանի առանձնացված էքսկլավ և միաժամանակ սահմանակից Թուրքիային ու Իրանին, ունի կարևոր ռազմավարական դիրք։ Իրանական ԱԹՍ-ների ակտիվությունն այդ ուղղությամբ կամ այլ ուժերի կողմից սադրանքը ցույց է տալիս, որ պատերազմը կարող է տարածվել տարածաշրջանային նոր տարածքների վրա:
Այս զարգացումները Հարավային Կովկասի երկրների համար ստեղծում են միաժամանակ մի քանի նոր մարտահրավերներ՝ անվտանգային, դիվանագիտական և տարածաշրջանային հավասարակշռության տեսանկյունից։ Եթե Հարավային Կովկասը շարունակի ներքաշվել Իրանի դեմ դիմակայության մեջ, ապա, բնականաբար, Հայաստանի համար ուղիղ սպառնալիքներն էականորեն կաճեն:
Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մերձավորարևելյան ռեգիոնն ինքնին բարդ է՝ հաշվի առնելով շահերի բազմությունը, կրոնական բաղադրիչը, ռեսուրսների հարցը և այլն: Ուստի, նրա խոսքով, բոլոր պատերազմները, քաղաքական ճգնաժամերը Մերձավոր Արևելքում բարդ ընթացք են ունեցել և չեն ընթացել կանխատեսելի ու պարզ լուծումների ճանապարհով:
Նույնը, Սիմոնովի կարծիքով, վերաբերում է նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը, որը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից, ու Իրանի դիմադրության շնորհիվ պատերազմը երկարաձգվում է:
«Բնականաբար, երկարաձգման դեպքում ԱՄՆ-ը ու Իսրայելն այլ սցենարներ են սկսում քննարկել, որոնցից մեկը ցամաքային օպերացիան է, օպերացիան է քրդերի միջոցով, ինչպես նաև Իրանի դեմ ճակատի ընդլայնումը: Ի սկզբանե կար նպատակ՝ արագ հասնել նպատակներին, սակայն դա չաշխատեց: Իսկ պատերազմի երկարաձգման դեպքում շատ տարբեր սցենարներ կարող են գործի դրվել կամ տեղի ունենալ սխալներ: Ադրբեջանում տեղի ունեցած միջադեպը սուր արձագանք ստացավ Ադրբեջանում: Ես չեմ կարծում, թե դա բխում էր այս փուլում Իրանի շահերից: Սակայն այս միջադեպն ինքնին ցույց տվեց, որ պատերազմը կարող է տարածվել դեպի հարակից ռեգիոններ, այդ թվում՝ հարավկովկասյան ռեգիոն, հատկապես, երբ Ադրբեջանը և Թուրքիան սկսում են սպառնալ, թեև մինչ այս պահը որևէ ռազմական էսկալացիա տեղի չի ունեցել»,- ասաց Սիմոնովը:
Հարավային Կովկասի համար, նրա խոսքով, առաջին և ամենաակնհայտ վտանգը կապված է անվտանգության միջավայրի կտրուկ անկայունացման հետ։ Ըստ փորձագետի, բնականաբար, այդ ամենը, այսպես թե այնպես, վերաբերում են նաև Հայաստանին, քանի որ տեղի են ունենում Հայաստանի սահմաններին:
«Ինչպես արդեն ասացի, նման մասշտաբային պատերազմի դեպքում զարգացումները կարող են շատ անկանխատեսելի ընթացք ունենալ: Սպառնալիք է Ադրբեջանի ներքաշումը: Երկրորդ սպառնալիքը տարածաշրջանային ուժային հավասարակշռության փոփոխությունն է։ Իսկ պատերազմների հետևանքով ուժային բալանսները փոխվում են: Այս պարագայում Հայաստանը կանգնում է բարդ խնդրի առջև՝ ստիպված լինելով պահպանել հավասարակշռություն Իրանի, Արևմուտքի և տարածաշրջանի այլ դերակատարների միջև։
Երրորդ ռիսկը վերաբերում է հաղորդակցությունների և տնտեսական անվտանգությանը։ Հարավային Կովկասում ցանկացած լայնածավալ ռազմական լարվածություն անմիջապես անդրադառնում է տրանսպորտային ուղիների, էներգետիկ նախագծերի և տարածաշրջանային առևտրի վրա։ Իսկ Իրանի շուրջ զարգացումները խորացնում են անորոշությունը:
Իրանի շուրջ ընթացող պատերազմը Հայաստանի համար հեռավոր աշխարհաքաղաքական զարգացում չէ։ Այն ՀՀ սահմաններին մոտ է և վերափոխում է տարածաշրջանային անվտանգության միջավայրը։ Նոր իրականությունում Երևանի համար կարևոր է ոչ միայն հետևել զարգացումներին, այլ նաև ունենալ հստակ ռազմավարություն՝ ուղղված ռիսկերի նվազեցմանը»,- ասաց Սիմոնովը:
Սիմոնովն արձանագրեց, որ էներգակիրների շուկայում իրավիճակ է փոխվում, ռուսական էներգակիրներն ավելի պահանջված են դառնում, ամերիկյան որոշ պատժամիջոցներ Ռուսաստանից հանվեցին: Նրա գնահատմամբ, սակայն, սա Մոսկվային այնքան չի ուրախացնում, քանի որ պատերազմ է, իսկ Մոսկվան խնդիրները բանակցային ճանապարհով լուծելու կոչերով է հանդես գալիս:
Հիշեցնենք, որ Նախիջևանի միջադեպից հետո նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:
«Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասված էր հաղորդագրությունում:




