ՄԱՍԿԱՏ-ԵՐԵՎԱՆ Թալա՞ն, թե՞ պետական անգործություն. Հակոբ Ճաղարյան

Օդաչու-հրամանատար, ավիացիայի փորձագետ Հակոբ Ճաղարյանը գրում է. «ՄԱՍԿԱՏ-ԵՐԵՎԱՆ
Թալա՞ն, թե՞ պետական անգործություն

Մամուլում և տարատեսակ հանրային հարթակներում լուրեր են տարածվում, որ հայկական միակ ավիաընկերությունը, որը ստանձնել է Օմանից տարհանել Իրանի վրա հարձակման հետևանքով Պարսից ծոցի տարածաշրջանում մնացած հայերին, իրականում ոչ թե օգտակար գործ է անում, այլ թռիչքները կատարում է գերշահույթի համար:

Այդպե՞ս է արդյոք իրականում

Բոլոր գրառումների հեղինակները որպես հաշվարկի, գնի հիմք վերցնում են Երևան-Դուբայ (Շարժա, Աբու-Դաբի) թռիչքների տևողությունն ու արժեքը նորմալ, ոչ պատերազմական պայմաններում: Ինչը կազմում էր`
– թռիչքի տևողությունը 2ժ. 45ր
– տոմսի արժեքը $150-300.
Որն ըստ նստատեղերի զբաղվածության ավտոմատ թանկանում էր:
Անձամբ եմ մի քանի տարի առաջ Հունվարի 6-ին Երևան վերադառնալու համար վճարել 1300 դիրհամ, որը մոտ $600 է կազմում:

Հիմա ուշադրություն դարձրեք`

1. տոմսում նշված թռիչքի տևողությանը:
Այն կազմում է ոչ թե 2 ժամ 45 րոպե, այլ 7(յոթ) ժամ 50 րոպե:
Ընդգծում եմ, ` ՅՈԹ ժամ և 50 րոպե:
Այդքան, որովհետև փակ է Իրանի օդային տարածքը, որով թռչելն ապահովում էր ամենակարճ ճանապարհը:
Ա´յս օդանավը ստիպված է թռչել Թուրքիայի վրայով, դուրս գալ Միջերկրական ծով, շրջանցել Հորդանանի, նուննպես արդեն փակ, օդային տարածքը, և Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի օդային տարածքներով հասնել Օման, Մասկատ:
Այսինքն` նորմալ պայմաններում երկու ուղղությամբ ընդամենը 5 ժամ տևող և մոտ €45.000 արժեցող թռիչքի տևողությունն ավելանում է ևս 10 ժամով:
10 ժամ, որի ինքնարժեքը կազմում է մոտ €85.000, թռիչքի ընդհանուր արժեքն ավելացնելով 3 անգամ:

2. FlyOne բոլոր ինքնաթիռները միջին հեռավորությունների համար նախատեսված A-320/321 են: Նրանք նախատեսված չեն 8 ժամանոց (երկար) թռիչքների համար: Իսկ այդպիսիք կատարելու դեօքում, ինչը պահանջում է ավելորդ 12 տոննա վառելիք, ստիպված են զոհաբերել ուղևորների քանակի վրա, կամ թռիչքն իրականացնել հավելյալ միջանկյալ վայրէջքով , որը նույնպես կապված է հավելյալ վճարների հետ:

3. Խաղաղ պայմաններում կատարվող չվացուցակային թռիչքի համար վաճառվում են տոմսեր 2 ուղղությամբ:
Կարծում եմ, Օմանից Երևան հատուկ թռիչքներին գեթ 1 տոմս Երևան-Մասկատ ուղղությամբ չի վաճառվել:
Այսինքն, անկախ տոմսի արժեքից, 1 ուղղությամբ կատարվող չարտերային թռիչքի 1 տոմսի արժեքն արդեն իսկ նորմալ, չվացուցակային թռիչքի կրկնակին է կազմում: Գումարած նստատեղերի ոչ լիարժեք օգտագործումը:

4. Համաձայն միջազգային կարգավորումների, և Ապահովագրական ընկերությունների պահանջի, ցանկացած թռիչք, որը կատարվում է ռազմական վտանգներ պարունակող օդային տարածքներում, պետք է ունենա հատուկ` «ռազմական ռիսկերից» ապահովագրություն: Որը նույնպես շոշափելի գումար է:

Թանկ է արդյոք €900-1100 Մասկատ-Երևան 1 ուղղությամբ թռիչքի համար:
Կարծում եմ` այո, շատ թանկ է
Հիմնավորվա՞ծ է արդյոք փոխադրողի կողմից այդ արժեքը
Պնդում եմ` Այո, ավելի քան հիմնավորված է:

Իսկ ի՞նչ է պետք անել, որ դժվար կացությունում հայտնված մեր հայրենակիցների էլ ավելի մեծ դժվարության մեջ չհայտնվեն:
Ընդամենը մեկ բան` սատարել նրանց:
Պետությունը, որն ունի €60 մլն ավելորդ գումար, հունգարական «WizzAir” -ին սուբսիդավորելու համար, ՉԻ ԿԱՐՈՂ իր քաղաքացիների տարհանումը թողնել մասնավոր ընկերության ուսերին:

Եվ WizzAir-ի սուբսիդավորման հետ համեմատ «չնչին» 600 հազարը ՊԱՐՏԱԿԱՆ էր տրամադրել իր մասնավոր ընկերություններին գոնե առաջին 4 թռիչքները 1 օրվա մեջ կազմակերպելու համար:

Օրինակներ պատմությունից շատ կարելի է բերել, երբ պետությունը ստանձնում է ոչ միայն իր քաղաքացիների, կամ իր ազգակիցների տարհանումը, այլ նույնիսկ հավատակիցների, ինչպես Իսրայելն արեց Եթովպիայից մոտ 40 հազար մարդ 1 օրում տարհանելով: «Սողոմոն» օպերացիային մասնակից դարձնելով 24 ռազմական բեռնատար օդանավ, և 10 քաղաքացիական օդանավ ավիաընկերությունից»։

Տեսանյութեր

Լրահոս