Երևանը հղում է անում ԱՄՆ-ին, ՌԴ-ն՝ հավակնում միանալ TRIPP-ին․ ինչու է ՌԴ-ն հետաքրքրված TRIPP-ով
Ռուսաստանը հերթական անգամ հայտարարում է TRIPP նախագծին մասնակցելու պատրաստակամության մասին:
«Մենք հաստատում ենք պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու նախագծին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ Ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով: Բայց նախևառաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման և գործունեության բոլոր մանրամասներին։ Որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Մեր առաջարկը Երևանին՝ անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, մնում է ուժի մեջ»,- նախօրեին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ ևս ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր՝ պատրաստ են դիտարկել ներգրավման հնարավորությունը, սակայն Երևանն ակնարկում է՝ հարցը պետք է համաձայնեցվի նաև ԱՄՆ-ի հետ:
Ավելին, ՀՀ ԱԳ նախարարը վերջերս հստակ նշեց, որ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Թուրքիայի՝ նախագծին մաս կազմելու մասին խոսք չի գնում։
«TRIPP-ն ինչպես կար, այնպես էլ այս պահին կա՝ որպես Հայաստան-Միացյալ Նահանգներ համատեղ բիզնես գործունեություն»,- նշել է Միրզոյանը։
Սակայն, նրա խոսքով, TRIPP-ում՝ ոչ, բայց TRIPP-ի շարունակություն, TRIPP-ին առնչվող այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար:
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը նշեց, որ Հարավային Կովկասում գործ ունենք բազմաշերտ աշխարհաքաղաքական հաշվարկի հետ։

«Այդ ծրագիրը ներկայացվում է որպես տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և տնտեսական կապակցվածության նախագիծ՝ առանց սուվերենության խաթարման, սակայն հատկապես թուրք–ադրբեջանական դիսկուրսում այն դուրս է եկել «ճանապարհ» ձևաչափի սահմաններից։ Այն դիտարկվում է՝ որպես Հարավային Կովկասում նոր ռազմավարական ազդեցության հանգույց։ Հենց այս ընկալումն էլ TRIPP-ը դարձնում է ոչ միայն, ոչ այնքան տնտեսական, որքան աշխարհաքաղաքական նախագիծ»,- ասաց Վլադիմիր Եվսեևը։
Նա բացատրեց, թե ինչով է պայմանավորված ՌԴ հետաքրքրությունն այս պրոյեկտի նկատմամբ։
«Առաջին՝ Ուկրաինայի պատերազմի և արևմտյան պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի համար ավելորդ չեն տրանսպորտային ուղիներ, որոնք կշրջանցեն ռիսկային ուղղությունները։ Հարավային Կովկասը դիտարկվում է՝ որպես այլընտրանքային տարածք այդ տեսանկյունից։ Մոսկվայի համար կարևոր է չկորցնել իր դերակատարությունը տարածաշրջանային հաղորդակցություններում։ Եթե TRIPP-ը գործարկվի առանց ռուսական ներգրավվածության, դա կնշանակի ազդեցության կորուստ, այսինքն՝ ձևավորվող նոր կոնֆիգուրացիայում ՌԴ դիրքերի նահանջ։ Որքան էլ ՌԴ-ն առաջնահերթ աշխատում է այլ ուղղություններում, փորձում է վերականգնել իր դերը ռեգիոնում մի իրավիճակում, երբ արևմտյան դերակատարներն ուժեղացնում են իրենց ազդեցությունը ռեգիոնում»,- ասաց Վլադիմիր Եվսեևը։
Երևանը, նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, շեշտում է ԱՄՆ-ի համաձայնեցումը, քանի որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը դիտարկվում է որպես հակակշիռ ռուսական և թուրք-ադրբեջանական ազդեցությանը։
«Սա նաև ցույց է տալիս, որ ռեգիոնում արդեն կա ԱՄՆ-ը, և Երևանը փորձում է բազմավեկտոր քաղաքականություն վարել։ ԱՄՆ-ի համաձայնեցման հարցը նաև բանակցային գործիք է։ Այն ժամանակ է ձգում և թույլ չի տալիս, որ արագ որոշումներ կայացվեն։ Իսկ իրականում Երևանը խուսափում է ՌԴ մասնակցությունից, և դա կարող է տեղի ունենալ, թերևս, նոր իրողությունների պայմաններում կամ ԱՄՆ-ի հետ բանակցություններով։ Այս պրոյեկտն ինչ-որ առումով դարձել է փորձաքար՝ պարզելու համար, թե որ խաղացողն ինչ չափով է մասնակցելու դրան։ Կարծում եմ՝ հարցն իսկապես միայն Երևանի տիրույթում չէ»,- ասաց Եվսեևը՝ շարունակելով, որ Հայաստանի համար ամենակարևոր հարցը մնում է հետևյալը՝ հնարավոր կլինի սա դարձնել ինքնիշխան, այլ ոչ թե արտաքին կառավարման մեխանիզմ։
