Իրանի բանակը հետևում է ԱՄՆ զինված ուժերի տեղաշարժերին Մերձավոր Արևելքում. Բաղայի
Իրանի բանակի զինծառայողներն ուշադիր հետևում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի բոլոր տեղաշարժերին և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման համար: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բազմաթիվ ամերիկյան նավեր տարածաշրջան ուղարկելու մասին:
«Որևիցե նավի ուղարկումը տարածաշրջան ոչ մի չափով չի ազդի Իրանի հաստատակամության և վճռականության վրա՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը: Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և միաժամանակ ոչ մի վայրկյան չեն կորցնում իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման, ազգային ինքնիշխանության և արժանապատվության պաշտպանության համար», – ընդգծել է Բաղային ամենշաբաթյա մամուլի ասուլիսում:
Հունվարի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետևում է Իրանին և տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր: Նրա խոսքով՝ «այդ ուղղությամբ ընթանում են բազմաթիվ նավեր, շարժվում է մեծ նավատորմ»: Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը
