Բաժիններ՝

Չինաստանի և Կանադայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. ԱԳՆ

Չինաստանի և Կանադայի երկկողմ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և համապատասխանում է երկու կողմերի ընդհանուր շահերին: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ 100%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու Օտտավայի դեմ Պեկինի հետ առևտրային համաձայնագրի կնքման դեպքում:

«Չինաստանի և Կանադայի միջև նոր տիպի գործընկերության հաստատումը, ինչպես նաև երկրների միջև տնտեսական և առևտրային հարցերի պատշաճ կարգավորման վերաբերյալ կոնկրետ համաձայնություններն արտացոլում են հավասարության, բացության սկզբունքի, ներառականության, խաղաղ համագործակցության և փոխշահավետ արդյունքների ձգտման մթնոլորտը: Այդ գործընկերությունն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ, համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների ընդհանուր շահերին և նպաստում է համաշխարհային խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը», – նշել է նա:

Հունվարին Կանադան և Չինաստանը հայտարարել են տնտեսության ոլորտում «ռազմավարական գործընկերության» մասին: Ինչպես նշել է The Globe and Mail-ը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չինաստան կատարած այցի ժամանակ այդ երկիրն անվանել է ավելի կանխատեսելի առևտրային գործընկեր, քան Միացյալ Նահանգները:

Հունվարի 16-ին Կանադան Չինաստանի հետ նախնական համաձայնության է եկել, ըստ որի երկու կողմերը փոխադարձաբար կնվազեցնեն մաքսատուրքերը որոշակի ապրանքների նկատմամբ։ Համաձայնագրով նախատեսվում է, որ տարեկան 49 000 չինական էլեկտրամեքենա կմտնի Կանադա նվազեցված 6,1% մաքսատուրքով։ Ի պատասխան՝ Պեկինը կնվազեցնի կանադական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։ Թրամփի սպառնալիքներից հետո Քարնին հայտարարել է, որ Կանադան մտադիր չէ Չինաստանի հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագիր կնքել, քանի որ հարգում է Կանադա-ԱՄՆ-Մեքսիկա առևտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և նման քայլի չի գնա՝ առանց մյուս երկու կողմին ծանուցելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս