«Այո, փոքր բիզնեսի բոլոր ներկայացուցիչներն ազատվելու են հարկերից». Նարեկ Կարապետյանի պատասխանն իշխանությանը
«Այո, փոքր բիզնեսի բոլոր ներկայացուցիչներն ազատվելու են հարկերից»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան միկրոբլոգի էջում տարածված տեսանյութով տեղեկացրեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ օրերս «Մեր ձևով» շարժման տնտեսական ծրագրի ներկայացումից հետո շատ հարցեր են ստանում, որոնցից ամենակարևորը, նրա խոսքով, կապված է իրենց երկրորդ առաջարկի հետ։
«Ասում են՝ ճի՞շտ է, որ Սամվել Կարապետյանը որոշել է բոլոր փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ազատել հարկերից։ Այո, ճիշտ է, Հայաստանում գործող բոլոր փոքր բիզնեսի ներկայացուցիչներն ազատվելու են հարկերից։
Շրջանառության հարկերից ազատվելու են կրպակները, ազատվելու են վարսավիրանոցները, ազատվելու են ավտոլվացման կետերը, ազատվելու են ծառայություններ մատուցող բոլոր փոքր ընկերությունները, և սա կարևոր քայլ է։ Այստեղ կա տնտեսական նպատակահարմարություն։ Գիտե՞ք՝ ինչու ենք դա անում։ Առաջինը, որպեսզի այս ընկերությունները սկսեն մեծանալ, խնայած միջոցների հաշվին նոր աշխատատեղեր ստեղծեն, նոր մարդիկ ներգրավեն, և մենք հաղթենք գործազրկությունը Հայաստանում, քանի որ գործազրկությունն աղքատության հիմքն է»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով, իրենց մեկ այլ հարց ևս տալիս են, թե այդ դեպքում բյուջեն ինչպե՞ս է դիմանալու։
Կարապետյանը բացատրեց, որ ՀՀ-ում գործող ընկերությունների 70%-ը վճարում է հարկերի ընդհանուր բյուջեի 2․5%-ը, այսինքն՝ ամբողջ փոքր բիզնեսը՝ շրջանառության հարկով հարկվող, վճարում է մեր բյուջեի հարկերի 2.5%-ը։
«Ես Ձեզ վստահեցնում եմ, որ մենք ոչ թե 2․5 % ենք գտնելու և ավելացնելու, այլ մեծ բիզնեսի ու տարբեր տնտեսական ծրագրերի հաշվին տասնյակ տոկոսներով է բյուջեն ավելանալու և չի լինելու փոքր բիզնեսին հարկելու կարիք։ Պատկերացնո՞ւմ եք մի երկիր, որտեղ փոքր բիզնեսը չի հարկվում, այն չի առնչվում հարկայինի հետ, և միակ խնդիրը, որ պետությունը դնում է փոքր բիզնեսի առջև, մեծանալ, դառնալ միջին բիզնես, այդ ժամանակ արդեն թող սկսի շահութահարկ վճարել»,- մեկնաբանեց իրենց ծրագրի առնչությամբ ստացված հարցերը շարժման համակարգողը։
Նա նաև անդրադարձավ իշխանության պնդումներին, թե Նարեկ Կարապետյանը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ ԶՈՒ-ում։
Նարեկ Կարապետյանը ներկայացրեց 8 տարի առաջ ՀՀ գլխավոր զինկոմիսարին ուղղված նամակը, որում Կարապետյանը խնդրում է իրեն զորակոչել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, սակայն պատասխանը եղել է բացասական։
Մանրամասները՝ տեսանյութում։
