Այդ գործընթացների արդյունքում Հայաստանի տնտեսությունը շատ արագ կարող է կլանվել 

Հայաստանի տնտեսությունը 2026թ. է մտել ծանր խնդիրներով, որոնք նախորդ տարիներին այդպես էլ չհաջողվեց քիչ թե շատ հաղթահարել։ Չնայած արձանագրվող աճերին՝ տնտեսության կառուցվածքը շարունակում է նույնքան խոցելի լինել, ինչքան նախկինում։ Որպես այդպիսին՝ իրական զարգացումներ, առաջընթաց չկա, արտադրական հզորությունները չեն ավելանում, տնտեսությունն ու տնտեսական աճերը որակ չունեն։

Հայաստանի կառավարիչներն այդպես էլ չկարողացան վերջին տարիների արտաքին նպաստավոր գործոնների ստեղծած հնարավորություններն օգտագործել նոր հզորություններ ձևավորելու համար։

Աճերը, որոնք արձանագրում է պաշտոնական վիճակագրությունը, ոչ միայն խիստ անկայուն են, այլև հիմնված չեն տնտեսության կարողությունների ավելացման վրա։ Պատահական ու օդից ընկած գործոններով փորձում են աճի պատրանք ստեղծել։

Երկար ժամանակ տնտեսության ամենաառանցքային հատվածում արձանագրվող անկումից հետո, անցած տարվա վերջին տպավորություն առաջացավ, թե արդյունաբերության մեջ դրական զարգացումներ են տեղի ունենում։ Անկումը փոխվել է աճով։ Սակայն տպավորությունը խաբուսիկ էր։ Արդյունաբերությունն անկումից դուրս եկավ ոչ թե բուռն զարգացումների ու արտադրական կարողությունների ավելացման, այլ նախորդ շրջանում մեկ անգամ արդեն դրսևորված հայտնի գործոնի արդյունքում. Տարեվերջին կրկին զգացնել տվեցին արտաքին ազդեցությունները։

Կարդացեք նաև

Արդյունաբերության անկումից դուրս գալու հիմքը դարձավ գերազանցապես մշակող արդյունաբերության ճյուղերից մեկի՝ հիմնային մետաղների արտադրության կտրուկ ակտիվացումը։ Մի բան, ինչն ուղիղ կապ ուներ ոսկու «արտադրության կամ վերամշակման» ծավալների ձևական աճերի հետ։

Սրա արդյունքում էր, որ արդյունաբերությունն արտաքուստ հաղթահարեց նախորդ շրջանի անկումները։ Բայց դա բոլորովին էլ տեղի չունեցավ ոլորտի իրական զարգացումների հաշվին։ Վաղը, երբ ոսկու թաքնված աճերը դադարեն՝ արդյունաբերությունը կրկին կհայտնվի նախկին վիճակում։

Այսպիսի աճերը մեր տնտեսությանը ոչինչ չեն տալիս զարգացումների առումով, բայց դրանով իշխանությունները կարողանում են աճի տպավորություն ստեղծել ու չեղած զարգացումների վերաբերյալ առասպելներով խաբել հասարակությանը։ Այսպիսի աճերով էլ տնտեսության արտադրողականության բարձրացումից, պոտենցիալի ավելացումից են խոսում։

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մեր տնտեսության բարձր աճերի հիմքում առաջնային ու նշանակալի դեր է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Ընդ որում՝ թե՛ զուտ տնտեսական, և թե՛ ֆինանսական առումով։ Պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի տնտեսության ու սպառողական շուկաների որոշ հատված սպասարկվել է Հայաստանի միջոցով, ինչն էլ էապես ազդել է առանձին ճյուղերում աճի բարձր մակարդակների ձևավորման վրա։ Դա տեսել ենք՝ ինչպես արտաքին առևտրի, այնպես էլ՝ հատկապես ֆինանսական ոլորտի միջնորդությունների կտրուկ ավելացումների տեսքով։ Վերջին շրջանում այդ գործոնները որոշ չափով թուլացել են, բայց շարունակում են բավական մեծ բաժին կազմել Հայաստանի տնտեսության ցուցանիշների մեջ։

Այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորվի, որի նշաններն աստիճանաբար կարծես ուրվագծվում են, Հայաստանի տնտեսությունն այս հատվածում շատ լուրջ կորուստներ է ունենալու։ Այդ կորուստներին կարող ենք առնչվել արդեն այս տարվա ընթացքում։

Դա կտեսնենք հատկապես արտաքին առևտրի ու ֆինանսական ոլորտներում։

Նախորդ տարի Հայաստանի արտաքին առևտուրը մեծապես կրճատվեց՝ պայմանավորված առավելապես ռուսական 1-2 ապրանքների Հայաստանով վերահասցեագրումների ծավալների կրճատմամբ։ Փոխարենը՝ հիմնականում պահպանվեցին Հայաստանով ռուսական շուկայի ապրանքային մատակարարումները, ինչը նկատելի է նաև բանկային փոխանցումների ոլորտում։

Առևտրի ֆինանսավորման նպատակով, հայաստանյան բանկերով իրականացված փոխանցումներն անցած տարի էլ շարունակեցին բավական բարձր դիրքում լինել։ 4 մլրդ դոլարից ավելի առևտրային փոխանցումներ կատարվեցին, որոնք, ինչպես հայտնի է, ֆինանսավորում են հիմնականում Ռուսաստանի սպառողական շուկայի մատակարարումները։

Հավանականությունը մեծ է, որ ռուս-ուկրաինական հակամարտության սպասվող դադարից հետո, այս տարի, ինչպես Հայաստանի բանկային համակարգով իրականացվող ֆինանսական շարժերը, այնպես էլ՝ ապրանքային մատակարարումները կկորցնեն իրենց դերը։ Դա էական ազդեցություն կթողնի մեր տնտեսության աճի ցուցանիշների վրա, որովհետև փոխարինող հզորություններ այս տարիներին այդպես էլ չստեղծվեցին։ Ռուս-ուկրաինական հակամարտության ընձեռած հնարավորությունները ծառայեցին գերազանցապես իշխանությանը մոտ կանգնած որոշ գործարարների կարողությունների ավելացմանը՝ ոչ միայն առևտրային, այլև ֆինանսական հոսքերի սպասարկման միջոցով։ Զարմանալի չէ, որ մեր տնտեսության աճերը կապված են բացառապես 2-3 ոլորտների հետ։ Դրանցից մեկն էլ վերջին տարիներին դարձել է բանկային համակարգը։

Արդյունաբերության իրական զարգացումների ու արտադրական ծավալների ավելացման փոխարեն՝ արձանագրված տնտեսական աճերի ամենամեծ բաղադրիչներից մեկն էլ շինարարությունն է։ Բայց շինարարությամբ տնտեսության լուրջ զարգացումներ չեն կարող ակնկալվել։ Առավել ևս, որ սա այն ոլորտն է, որն արտահանման ուղղվածություն չունի, այստեղ արտահանման ներուժ գրեթե չի ձևավորվում։

Դրանով է պայմանավորված, որ չնայած արձանագրվող տնտեսական աճերին, ներքին տնտեսության արտահանման ծավալները գրեթե չեն ավելանում։ Վերաարտահանումների վրա հիմնված տնտեսական ու առևտրային անգամ աստղաբաշխական աճերը ոչ մի արժեք չունեն, եթե ներքին տնտեսության մեջ զարգացումներ ու առաջընթաց չկա։ Սա ամենակարևոր խնդիրն է, որին բախվել է Հայաստանի տնտեսությունը։

Այդ իրավիճակը մտահոգիչ է հատկապես նրանով, որ դա տեղի է ունենում քաղաքական իշխանության սկսած ինտեգրացման գործընթացների պայմաններում։ Այդ գործընթացների արդյունքում Հայաստանի տնտեսությունը շատ արագ կարող է կլանվել մեր դարավոր թշնամիների կողմից, որովհետև այն թույլ է, անպաշտպան ու զերծ մրցակցային նվազագույն առավելություններից։ Վերջին տարիներին իշխանության իրականացրած ֆինանսական, տնտեսական քաղաքականության հետևանքով եղած անգամ թույլ մրցակցային հնարավորությունները կորցրել ենք, արտահանմանն ուղղված տնտեսության կարողություններն ավելացնելու փոխարեն՝ առավելությունը տրվել է ներմուծումներին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս